ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»

Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ»-ը դեկտեմբերի 8-ին Կոշ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում խախտումներ է արձանագրել:

«Կոշ համայնքի գործող ղեկավարի հետ կապված անձինք, որոնցից երկուսը վստահված անձ,18/4 տեղամասում օրվա ընթացքում ուղղորդում էին ընտրողներին: Դիտորդները մի քանի անգամ նկատել են ընտրողներին նույն մեքենաներով տեղափոխումը դեպի տեղամաս և ետ:

Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:

Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856, 36OJ256:

Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո»,- ասված է «Անկախ դիտորդ»-ի հայտարարության մեջ։

Ըստ նախնական հաշվարկի, Կոշ համայնքում հաղթում է գործող համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը։ Նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հորեղբոր տղան է։

  • Կիսվել: