հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Կոսաչովը կարևորել է ԼՂ շուրջ Փաշինյանի բանաձևը. նույնն ակնկալում է Ադրբեջանից

Կոսաչովը կարևորել է ԼՂ շուրջ Փաշինյանի բանաձևը. նույնն ակնկալում է Ադրբեջանից

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի  նախագահ Կոնստանտին Կոսաչովը Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:

Այսօր Կոսաչովը, Երեւանում ամփոփելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, ասել է, որ  դրա շրջանակներում արծարծվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: "Մենք կարեւորեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շահերը։  Մենք ռուսական կողմից ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այդ առնչությամբ դեռեւս այդպես էլ չի հետեւել հայտարարություն՝ նման բովանդակությամբ:

Նա հույս է հայտնել, որ այդպիսի հայտարարություններ անպայման կհնչեն, ինչը, նրա խոսքով, օգտակար կլիներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կայուն լուծում գտնելու համար պետք է հաշվի առնվեն ներգրավված բոլոր կողմերի շահերը: "Ես այդ հայտարարությունն արել եմ այն հույսով, որ մենք Ադրբեջանի ղեկավարությունից, իմ գործընկեր Իլհամ Ալիեւից կլսենք համանման հայտարարություն։  Եթե մենք նման հայտարարություն լսեինք պարոն Ալիևից, ապա դա իսկական բեկում կլիներ բանակցային գործընթացում:

Իհարկե, դա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք պատասխանատվություն ենք ստանձնել մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նաեւ նշանակում է տարածաշրջանի ապագայի համար, ինչը նշանակում է նաեւ մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար", - ասել էր վարչապետը և ադրբեջանական կողմին կոչ արել հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար:

  • Կիսվել: