հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ է. պաշտոնյաներից շատերը հայտարարագիր չեն ներկայացրել. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ է. պաշտոնյաներից շատերը հայտարարագիր չեն ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին: Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը:

Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը: Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել: Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», – նշեց նա: Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: