շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն ընդլայնում է իր աշխարհագրությունը

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն ընդլայնում է իր աշխարհագրությունը

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։

Վարակվածներն ավելի վաղ մեկնել են ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Դուբայ։ Նրանց հետ շփված 26 անձ այժմ հետազոտություններ է անցնում, փոխանցում է 1lurer-ը։
 
Իրանում ևս գրանցվել է «Օմիկրոնով» վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակված քաղաքացին Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:
 
Եվրոպական երկրները սկսել են նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով։ Նիդեռլանդներում հայտարարվել է կոշտ լոքդաուն. Բաց են միայն մթերային խանութները և դեղատները, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել տները:
 
Նոր շտամի տարածման ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել Լոնդոնում։ Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մի շարք հանդիպումներ չեղարկվել են։
 
Անցած շաբաթ Բեռլինը սահմանափակել է Բրիտանիայից և եվրոպական մի շարք երկրներից մուտքը Գերմանիա և վերականգնել է երկշաբաթյա կարանտինի պահանջն այդ երկրներից ժամանողների համար:
 
Իտալիայի իշխանություններն էլ նախատեսում են պարտադիր դարձնել փողոցում դիմակ կրելը և բացասական թեստ պահանջել հասարակական վայրեր այցելելու համար, այդ թվում՝ ամբողջական պատվաստում ստացած անձանցից:

Համաճարակային բարդ իրավիճակ է նաև ԱՄՆ-ում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ շատ հիվանդանոցներ արդեն գերծանրաբեռնված են։ Իրավիճակը կարող է է՛լ ավելի բարդանալ նոր շտամի տարածման պատճառով: «Օմիկրոնն» արդեն հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի երկրներում։

  • Կիսվել: