ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ

Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ

Ողջունում ենք երեկ սահմանված հրադադարը և այն բանակցությունները, որոնք բերեցին դրա հաստատմանը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ասել է ԱՄԷ մշտական ներկայացուցչի տեղակալ Ամիրա Ալ-Հաֆիթին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում սահմանին տեղի ունեցած բախումների և ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ: Աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ սեպտեմբերի 13-ի հայտարարությանը և կողմերին կոչ անում ջանքեր գործադրել կայուն խաղաղության հասնելու համար, որը թույլ կտա խուսափել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասներից: Աշխարհի ցանկացած սրացում վտանգ է ներկայացնում գլոբալ խաղաղության համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում հիմա աշխարհում. ճգնաժամեր, սով: Պետք է ԱԽ-ն միշտ իր բարձրության վրա մնա՝ ապահովելու անվտանգությունը և կայունությունը, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամերից:

Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հարցերը խաղաղ՝ դիվանագիտական ճանապարհով: 2020 թ. եռակողմ համաձայնությունը տարածաշրջանում կայունության պահպանման հիմքն է:

Տարեսկզբին երկրները նշեցին իրենց պատրաստակամության մասին՝ շարժվել առաջ: Հուսադրող էին մնացած հարցերը կարգավորելուն ուղղված երկու կողմերի ջանքերը: Պետք է օգտագործել այդ տեղաշարժը և շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն իրենց ջանքերը կառուցողական միջավայրում: Դա կօգնի հասնել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը և խուսափել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգներից: Կողմերին կոչ ենք անում խուսափել բռնություններից և առաջ շարժվել՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը՛՛:

  • Կիսվել: