շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կողմ եմ զենքի ազատ վաճառքին, իշխանությունը զինված է, ժողովուրդն էլ թող զինվի․ ՔՊ-ական պատգամավոր

Կողմ եմ զենքի ազատ վաճառքին, իշխանությունը զինված է, ժողովուրդն էլ թող զինվի․ ՔՊ-ական պատգամավոր

Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին և նրա հնարավորությունների ավելի մեծացմանը, քանի որ կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ  հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Դրա հիմնավորումը ես մտածել եմ այսպես. օրինակ, ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է,  ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է  ժողովրդի գլխին: Մենք պետք է կարողանանք այս հավասարակշռությունը վերականգնել։

Երկրորդ, երբ  մենք  թույլ չենք տալիս, որ մարդը զինվի,  նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ որ մարդը մենակ գնում է, եւ ենթադրենք ինչ-որ սոված շներ կարող են հարձակվել և նրան ուտել, և նա զրկած է ինքնապաշտպանությունից:

Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,-ասաց ՔՊ-ական պատգմավորը:

Նշենք, որ նախագծի համաձայն. «Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաև փամփուշտների, ինչպես նաև հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Բացի այդ, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ, մինչդեռ դեռևս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով»։

  • Կիսվել: