հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոչ ենք անում շարունակել պահպանել հրադադարը. ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

Կոչ ենք անում շարունակել պահպանել հրադադարը. ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ելույթ է ունեցել Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիթ Հոջա:

«Ինչպես բոլորը, մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծանր մարտերի մասին հաղորդագրություններով: Երկու կողմից էլ գրանցվել են բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Մենք ցավում ենք զոհերի համար։ Սա երկու երկրի միջև լրջագույն էսկալացիան է 2020 թվականից հետո:

Մենք լավատեսությամբ ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դրական զարգացումները, հատկապես օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի հովանու ներքո կազմակերպված բարձր մակարդակի 4-րդ հանդիպումը:

Վերջին զինված բախումները, սակայն, հարված են հասցնում և խարխլում են այդ ջանքերը: Հուսով ենք, որ այս միջադեպերը չեն խախտի արձանագրված առաջընթացը: Ինչպես գիտենք, հետկոնֆլիկտային իրավիճակներում բարդ խնդիրների լուծումը վստահություն և շարունակական ջանքերի է պահանջում:

Ուշադիր ծանոթացել ենք կողմերի հաղորդագրություններին, դիմումներին և լսել ենք այստեղ հնչած զեկույցը: Այսպիսի բարդ իրավիճակում այն տեղեկությունը, որ ունենք, բարդ է խոսել անկողմնակալ և ստուգված փաստերի մասին: Մինչ կողմերը մեղադրում են միմյանց, մենք կարևորում ենք խուսափելը անվստահությունը մեծացնող գործողություններից, այդ թվում՝ սահմանի երկայնքով ռազմական ուժերի կուտակումից կամ այլ սադրանքներից: Փոխադարձ մեղադրանքները և պատասխան միջոցները միայն նոր բախումների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել բացահայտ հակամարտության՝ լուրջ հետևանքներով: Այս լուրջ և մտահոգիչ իրադարձությունները հիշեցնում են խաղաղության պայմանագրի բացակայության մասին:

Ինչպես բոլորը գիտեն, Եվրոպայի անվտանգությունն արդեն իսկ լուրջ վտանգի տակ է՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով: Այս տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումը, որը կարող է հանգեցնել հակամարտության բռնկման, կունենա լրջագույն հետևանքներ, որոնք չեն սահմանափակվի միայն տարածաշրջանով:

Բոլոր հակամարտություններում քաղաքացիներն առաջինն են տուժում, սակայն չպետք է մոռանալ նաև, որ ավելի լայն Հարավային Կովկասը էներգակիրների առանցքային զարկերակ է դեպի Եվրոպա և համաշխարհային շուկա։ Նոր հակամարտությունը էներգետիկ շուկայում կբարձրացնի արժեքները և կվատթարացնի գլոբալ իրավիճակը: Կվատթարանա նաև հումանիտար պատկերը, ինչը բնավ մեզ պետք չէ: Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին գոյություն ունեցող ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և Եվրամիության ակտիվ դերը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Մենք ողջունում ենք երեկ երեկոյան ուժի մեջ մտած հրադադարը, որը, ըստ տեղեկությունների, պահպանվում է մինչ այժմ: Կոչ ենք անում շարունակել դրա պահպանումը: Մենք ողջունում ենք Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում ամենաբարձր՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մակարդակով:

Կրկնում ենք՝ հակամարտության միակ լուծումը դիվանագիտությունն է»,- ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալբանիայի ներկայացուցիչը:

  • Կիսվել: