Կոչ ենք անում միահամուռ դիմադրել Սահմանադրական կարգի տապալման այս արկածախնդիր փորձին․ «Ազգային օրակարգ» կուսակցություն
Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության էությունից եւ պետք է պահպանվի որպես ժողովրդավարական կարեւոր ձեռք բերում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք չհասան իրենց նպատակին։
Այժմ, այս գործընթացը ստացել է իր ծայրահեղ դրսեւորումը՝ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք սահմանադրական օրենքների փոփոխության, եւ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծեր, որով ուղղակիորեն փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը՝ զրկելով Սահմանադրական դատարանը իր մի շարք առանցքային լիազորությունից եւ կամայականորեն դադարեցնելով գործող դատավորների պաշտոնավարումը։
Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության էությունից եւ պետք է պահպանվի որպես ժողովրդավարական կարեւոր ձեռք բերում:
Իշխանությունների կողմից սա փոխելուն ուղղված ցանկացած գործողություն մարտահրավեր է իրավունքի գերակայությանը եւ իշխանություններ բաժանման եւ հավասարակշռման սկզբունքներին, եւ մեծագույն վտանգներ է ստեղծում մեր երկրի ապագա զարգացման համար: Այն Հայաստանի Հանրապետությունը դնում է ժողովրդավարական երկրների ընտանիքից ինքնամեկուսացնելու վտանգի տակ, ինչն էլ իր հերթին հղի է արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներով եւ ներքաղաքական ապակայունացմամբ:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանություններից՝ դադարեցնել այս արկածախնդրությունը եւ գործել երկրի հիմնական օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ քաղաքացիներին՝ միաբանվել եւ միահամուռ դիմադրել Սահմանադրական կարգի տապալման այս արկածախնդիր փորձին»: