երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կներդրվեն ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու համապատասխանությունը ստուգող մեխանիզմներ. ԱՆ տեղակալ

Կներդրվեն ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու համապատասխանությունը ստուգող մեխանիզմներ. ԱՆ տեղակալ

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` ՍԵՊԱ-ն, որով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ մոտարկման գործընթացը ենթադրում է ԵՄ համաձայնագրով` նշված օրենսդրությանը համապատասխան նորմատիվ իրավական ակտերի, նախագծերի մշակում և ընդունում: Այս մասին Ազգային ժողովի` հունիսի 13-ին կայացած նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Ըստ նախարարի տեղակալի` ԵՄ հետ նման համաձայնագրեր կնքած երկրներում արդեն իսկ ներդրվել են մեխանիզմներ, որոնցով ստուգվում է օրենսդրության մոտարկման համապատասխանեցումը: Գործում են առանձին ինստիտուտներ, որոնք մոտարկման վերաբերյալ եզրակացություններ են տալիս:

«Հայաստանի Հանրապետությունում գործընթացը լավագույնս կարելի է կազմակերպել հետևյալ կերպ. ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը պետք է մշակի համապատասխան իրավական նախագիծ, որը պետք է ներկայացվի լիազոր մարմնին փորձաքննության, վերջինս պետք է տա եզրակացություն` մշակված իրավական ակտը համապատասխանո՞ւմ է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ, մասնավորապես, կոնկրետ այն նորմին, որին հղում է տվել ակտը մշակող մարմինը»,- նշել է Արա Մկրտչյանը:

«Նշված գործընթացն ապահովելու համար ներկայացված նախագծով սահմանվել է «օրենսդրության մոտարկման» հասկացությունը, նախատեսվել է նաև, որ մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող պետական-իրավական փորձաքննության շրջանակում: Նախագիծը մոտարկող մարմնի` որևէ նախարարության կողմից մշակվելուց հետո, պետաիրավական փորձաքննության հետ միաժամանակ ներկայացվելու է Արդարադատության նախարարություն, որտեղ իրականացվելու է համապատասխանության ստուգումն ու ըստ այդմ է տրամադրվելու եզրակացություն»,- նշել է փոխնախարարն ու հավելել, որ նախագիծն ուսումնասիրվել ու հավանության է արժանացել ԵՄ փորձագիտական թիմի կողմից, քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հաշվի են առնվել նրանց առաջարկները:

Նախագծի քննարկումը կշարունակվի հունիսի 14-ին` ԱԺ հերթական նիստի ընթացքում:

  • Կիսվել: