Կներդնենք այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն արդյունքների գեներացմանը․ փոխվարչապետ
Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջին կհատի 60 տոկոսի սահմանը՝ կազմելով 65 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այդքան կարևոր չէ պարտքի շեմը, որքան կարևոր է, թե այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ունեն և ինչ նպատակ։
«Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չէ։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնի, որպեսզի իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով կամ մարտահրավերների հետևանքներով։ Ես կարծում եմ՝ այստեղ դուք ավելի շատ պետք է հետամուտ լինեք և հետևեք այն պարզաբանումներին, որոնք կտրվեն Ֆինանսների նախարարության փորձագետների կողմից, թե ինչպես էն այդ պարտքը ծախսվելու, և այդ ծախսման արդյունքներով մենք ինչ հավելյալ արդյունքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան այդ պարտքը բնականոն սպասարկել և ի վերջո մարել»,- ասաց նա։
Ըստ փոխվարչապետի՝ այո, հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա։ «Բայց ես վստահ եմ, որ շեմի փոփոխության արդյունքում մենք կներդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնց ավելի մասը կամ որևէ մաս կերաշխավորեն ու կնպաստեն արդյուքնենրի գեներացմանը»,- հավելեց Գրիգորյանը։



