Կլաարը հայտնել է, որ ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին: Այս մասին ադրբեջանական ՛՛Թուրան՛՛-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Խոսելով այն մասին, թե արդյոք արդյունքները կարո՞ղ են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում՝ Կլաարն ասել է, որ նախագահ Իլհամ Ալիևը ՛՛հստակ հասկացրել է, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով առնչվում է իրեն՛՛:
Կլաարը հավելել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը՛՛:
Նա նաև ասել է, որ այժմ կարևոր է վերջնականապես ՛՛շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի՛՛:
Կլաարը վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։