ԿԽՄԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանի հետ մարդասիրական հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելուն
«Չնայած 2023-ի սեպտեմբերին մեր գրասենյակի փակմանը, ԿԽՄԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանի պատկան մարմինների հետ մարդասիրական հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելուն»,-այս մասին ի պատասխան NEWS. am-ի հարցման նշել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանիկողմից Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայինուղղված` ընդհատված հաղորդագրությունից հետո News.am-ը հարցումներ էր ուղղել տարբեր կառույցների և գերատեսչությունների, այդ թվում՝Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: «Անցած տարի դեկտեմբերին ԿԽՄԿ պատվիրակությանը հաջողվել էր այցելել հայ գերիներին: Արդյո՞ք հայ գերիների հարցը շարունակում է գտնվում է Ձեր և Ձեր կառույցի ուշադարության կենտրոնում, և արդյո՞ք քննարկվում է հետագա այցերի կազմակերպման հնարավորությունը»,-նշված էր մեր հարցման մեջ, որին պատասխանել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին.
«Ինչպես նշել եք Ձեր նամակում, 2025-ի դեկտեմբերի վերջին Ժնևի մեր գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, որոնց մասին ԿԽՄԿ-ին տեղեկացրել էին Ադրբեջանի իշխանությունները։ Այցելող խմբի կազմում եղել է բժիշկ, որը համակարգել է բժշկական հարցերը քրեակատարողական համապատասխան մարմինների հետ և գնահատել կալանավորվածների առողջական վիճակը։
ԿԽՄԿ-ի մանդատին և աշխատակարգին համապատասխան, ԿԽՄԿ պատվիրակներն անձամբ հանդիպել են կալանավորված անձանց, որոնց տրվել է ընտանիքների հետ կապվելու հնարավորություն և տրամադրվել է տարրական օգնություն։ Պատվիրակները նաև գնահատել են կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքը, նրանց առողջական վիճակը և կալանքի պայմանները։ Այցելությունների վերաբերյալ մեր բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են միմիայն կալանավորող մարմիններին և հրապարակման ենթակա չեն։
Բացի այդ, ցանկանում ենք հիշեցնել, որ որպես չեզոք և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, Կարմիր Խաչը չի մասնակցում դատական գործընթացներին և դատական լսումներին, ինչպես նաև չի տրամադրում որևէ իրավական օգնություն: Կարմիր Խաչի զուտ մարդասիրական նպատակն է ուսումնասիրել կալանավորվածների կալանքի պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը՝ համաձայն մեր մանդատի և Ժնևի կոնվենցիաներով երկրների ստանձնած պարտավորությունների։
Կարմիր Խաչը կշարունակի համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների հետ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում պաշտպանված անձանց աջակցելու համար»:


