շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիրիտ Վելանի. Ձախողելու ենք, եթե մարդկանց Հայաստանում չպահենք

Կիրիտ Վելանի. Ձախողելու ենք, եթե մարդկանց Հայաստանում չպահենք

Գուցե անհավանական թվա, բայց գործարար եւ ֆիզիկոս Կիրիտ Վելանին, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, իսկ ծագումով՝ Հնդկաստանից, այժմ հայկական անձնագիր ունի: Նրա տան անկյունում Հայաստանի դրոշն է, իսկ հյուրասենյակի պատին՝ Արարատի հսկայական գեղանկարը, գրում է Մեդիամաքսը։

Վելանին FMD K&L Armenia կենսատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենն է։ Նրա գրասենյակային ցանցն ունի 342 աշխատակից, որոնց 99.9% -ը հայեր են եւ միայն Կիրիտ Վելանիի օգնական Յուչին է ազգությամբ չինացի։

Փորձեցինք պարզել՝ ի՞նչն է Կիրիտ Վելանիին Հայաստանում պահում արդեն 5 տարի։

Շները Երեւանի փողոցներից

«Այս շները թերապեւտիկ գործառույթ են ունենալու, նրանք օգնելու են հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ տարեցներին»

Կիրիտ Վելանիի առանձնատուն ենք հասնում 40 րոպե ուշացմամբ եւ անձրեւից ամբողջությամբ թրջված։ Դռան մոտ լսվում է շների բարձր հաչոցը, եւ երբ դուռը բացվում է՝ 3 հսկա շուն նայում են մեզ ակնհայտ անվստահությամբ։

 

Կիրիտ ՎելանինԿիրիտ Վելանին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի վախեցեք։ Նրանք վտանգավոր չեն։ Այս շներին ես գտել եմ Երեւանի փողոցներից եւ որդեգրել։ Նրանցից երկուսը վատառողջ էին, մի կերպ ենք բուժել ու մի լավ ծրագիր ենք մտածել՝ նրանք դառնալու են թերապեւտ-շներ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ տարեցների համար։ Վստահ եմ, որ նույնիսկ այցելությունը այս շներին կօգնի նրանց ավելի լավ զգալ», - ասում է Կիրիտը, ձեռքով շոյելով շներին ու շարունակ նրանց հետ հայերեն խոսելով։

Ճանապարհ դեպի Հայաստան

«Այստեղ դուք կարող եք ունենալ մեծ քանակությամբ բժշկական, դեղագործական, մաթեմատիկական տաղանդներ, բայց որեւէ կերպ չօգտագործել այդ ներուժը»

«Անցյալում ես առողջական լուրջ խնդիրներ ունեցող թոշակառու էի եւ մի օր որոշեցի՝ այն ինչ կա, բավական է, պետք է կյանքից գոհ լինել։ Որոշումս կայացրեցի 2014-ին։

Կենտրոնացա երեխաներիս ուղղությամբ՝ նրանք դեռահասներ էին եւ համալսարան էին հաճախում։ Մի անգամ միասին գնացինք սուրճ խմելու եւ հասկացա, որ նրանց  հետ խոսելու ընդհանուր ոչինչ չունեմ։ Շփոթված էի։ Որոշեցի, որ ժամանակն է իմ կյանքում ինչ-որ բան փոխել։ Ուղեւորվեցի Չինաստան կնոջս հետ, որն այդ ժամանակ մի ընկերությունում էր աշխատում։ Նրանց իմ ծառայությունները առաջարկեցի, բայց քանի որ դա ՏՏ եւ ֆիզիկայի ոլորտն էր, առաջարկս առանձնապես պահանջարկ չունեցավ, որովհետեւ երբ հարցն այդ ոլորտին է վերաբերվում, Չինաստանն է խաղավարը», - պատմում է Վելանին։

 

Կիրիտ ՎելանինԿիրիտ Վելանին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիրիտ Վելանիի խոսքով՝ 2015 թվականը նրա կյանքում փոփոխությունների տարի էր։ Հաճախորդներից մեկի պատվերով, Սուրբ Ծննդյան տոներից հետո Կիրիտը Մեծ Բրիտանիայից գործուղվեց Հայաստան՝ գործընկերներից մեկի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Ժամանելով Երեւան ապշեց՝ Հայաստանում մինչեւ հունվարի 7-ը Նոր տարի են նշում եւ բոլոր պետական հիմնարկները փակ են։ Գործարարը որոշեց ուսումնասիրել Հայաստանն ու հայերին, եւ իր համար «նոր Կուբա» բացահայտեց։ Մի քանի ամիս անց Կիրիտը Երեւանում բացեց առաջին գրասենյակը։

«Սկզբում 18 աշխատակից ունեինք: Բիզնեսի սերմերը ցանված էին։ Մենք զբաղվում ենք կլինիկական հետազոտություններով՝ աջակցելով ապահովագրության ոլորտին, կենտրոնացած ենք դեղագործական արդյունաբերության վրա, տրամադրում ենք մաթեմատիկայի մասնագետներ, որոնց հետազոտությունների շնորհիվ դեղերը հայտնվում են շուկայում: Այս պահին արդեն 342 աշխատող ունենք եւ կարող եմ արձանագրել՝ մեր աշխատանքն իսկապես արդյունավետ է»:

 

Հայաստանի քաղաքացիություն

«2019-ին ինձ ուղեկցեցին մի գեղեցիկ սենյակ, որտեղ ես ստացա իմ հայկական անձնագիրը»

Կիրիտը հպարտ է հայկական անձնագիր եւ Հայաստանի քաղաքացիություն ունենալու համար։ Երբ  խոսում է Հայաստանի եւ հայերի համար, սովորաբար կիրառում է «ես», «մենք» դերանունները, նրա աչքերը սկսում են շողարձակել եւ դեմքին լայն ժպիտ է հայտնվում։

«Երջանիկ էի, երբ անձնագիրս ստացա։ Հետո, երբ Երեւանում տուն գնեցի, էլի երջանիկ էի, որովհետեւ մտածում էի՝ հիմա սա իմ տունն է, եւ իմ թոռներն այն կվայելեն, իմ ընտանիքն այն կվայելի»։

Գրասենյակը լռում է

«Մենք ուղղակի աշխատում ենք։ Երբ ուղղակի ընդլայնվում ես, ավելի լավ է լռել»

FMD K&L-ը միջազգային խոշոր պայմանագրային հետազոտական կազմակերպություն է: Այն ծառայություններ է մատուցում դեղագործական, կենսաբժշկական նյութեր, բժշկական սարքեր արտադրող ընկերությունների համար։  Ըստ Կիրիտ Վելանիի՝ ընկերությունն Հայաստանում արդեն երկրորդ կառավարության հետ է աշխատում եւ որեւէ լուրջ խնդրի չի բախվել։

Նրա պնդմամբ՝ նրա համար շատ կարեւոր է այն միջավայրը, որտեղ իրենց աշխատանքային օրն են անցկացնում ընկերության աշխատակիցները: Հենց այդ պատճառով է, որ Կիրիտը գրասենյակի ներսում մանկապարտեզ եւ մարզադահլիճ է կառուցել։

 

Կիրիտ ՎելանինԿիրիտ Վելանին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որոշել ենք մեկ այլ մեծ գրասենյակ էլ վարձակալել եւ եւս մեկ մանկապարտեզ բացել։ Ես հպարտ եմ այդ որոշման համար, որովհետեւ ես եւ կինս երեխաներին մանկապարտեզ տանելու համար ամեն օր 1,5 ժամ մեքենա էինք վարում։ Հիմա կա այս մանկապարտեզը, եւ ծնողները մոտ են իրենց երեխաներին։ Պատկերացրեք, որ 342 աշխատող՝ 275 կին եւ 67 տղամարդ, աշխատում են մեկ վայրում եւ միջինից բարձր, լավ աշխատավարձ են ստանում։ Պատկերացնում ե՞ք՝ դուք աստիճաններով կարող եք ներքեւ իջնել՝ մանկապարտեզ, գրկել ձեր երեխային, մի քանի րոպեից վերադառնաք ձեր աշխատասեղանի մոտ եւ հանգիստ շարունակեք աշխատել։ Սա մեզ օգնում է հաճախորդների պատվերն ավելի լավ որակով կատարել։ Արդյունքում՝ նրանք ավելի շատ են պատվիրում, իսկ դա նշանակում է, որ մենք ավելի շատ պատվիրատու ենք հավաքագրում։ Ես շատ եմ հպարտանում իմ թիմով»։

Սրտի կաթվածը եւ հայ բժիշկները

«Հայաստանում բժշկության հիմքերը չափազանց լավն են»

«Մի քանի տարի առաջ, Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ սրտի կաթված ունեցա եւ գնացի հիվանդանոց։ Բժիշկը մի հայացք ձգեց եւ ասաց, որ սրտի երեք ստենտի կարիք ունեմ։ Հրաժարվեցի։ Նա էլ ինձ հստակ բացատրեց, որ եթե ստենտները չտեղադրվեն, ապա բավական կլինի, որ մեկնեմ ու վերադառնամ, եւ նորից սրտի կաթված կստանամ։ Նրա բառերը մարգարեական էին։ Այդժամ գիտակցեցի, թե ինչ ուժեղ մասնագետներ են այստեղ աշխատում»։

 

Առաքելությունը ներդրում է

«Հարցը ոչ թե փողն ու գործերը շտկելուն է վերաբերվում, այլ մարդկանց։ Եթե չկարողանանք մարդկանց ներսում պահել, մենք ձախողելու ենք»

Ընկերության պաշտոնական կայքի առաջին էջերից մեկում հսկայական տառերով գրված է. «Աշխատելու համար Հայաստանից ավելի լավ տեղ չկա»: Կիրիտը ոչ միայն անկեղծորեն հավատում է այս բառերին, այլեւ փորձում է ամեն ինչ անել արտերկրում բնակվող «հայ ուղեղներին» Հայաստան բերելու համար։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ես կարողացել եմ համոզել մարդկանց, որ վերադառնան հայրենիք։ Կանադայում ապրող եւ 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող մի հայ, որոշում է կայացրել ընտանիքի հետ տեղափոխվել այստեղ։ Մենք մի խորհրդատու ունենք, որը ԱՄՆ քաղաքացի է եւ որը երբեք չէր եղել Հայաստանում, բայց որոշեց հրաժարվել ամեն ինչից եւ տեղափոխվել այստեղ: Նա խոսում է արեւմտահայերեն, եւ ոչ բոլորն են հասկանում նրան, բայց նա երջանիկ է այստեղ գտնվելու համար եւ աշխատում է վիրավոր զինվորների հետ: Մենք չենք կարող նրան վճարել ԱՄՆ-ում վաստակած գումարների չափով, բայց փոխարենը կարող ենք նրան մեր կյանքի մի մասը դարձնել»:

 

Կիրիտ ՎելանինԿիրիտ Վելանին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կիրիտը վստահ է, որ սրանք են այն սերմերը, որոնք ավելի շատ փող կբերեն Հայաստան: Նա ինձ հիշեցնում է Ֆրեդրիկ Իդեստամի, Էդուարդ Պոլոնի, Լեո Մեխելինի մասին։ Նրանք այն հայտնի 3 ֆիններն են, որոնք Ֆինլանդիան ճանաչելի դարձրին ամբողջ աշխարհում։

«Այս երեք տղաները ստեղծեցին Nokia-ն, եւ եթե նրանք մտադրվեին, կարող էին ամբողջ Ֆինլանդիան վերակառուցեին։ Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է անել դա։ Դժվար է աշխատել, դժվար է սկսել, բայց հնարավոր է»:

Առաքելությունը պատերազմի ժամանակ

«Երբ կիրակի պատերազմը սկսվեց, երկուշաբթի գիշերը մենք սկսեցինք մտածել, թե ընկերությունն ինչպես կարող է օգնել»

Մենք մեր գրասենյակներից երկուսը վերածեցինք կացարանների, եւ սկսեցինք կենցաղային պայմաններ ստեղծել ընտանիքներ ընդունելու համար։ Ժամանեց առաջին ընտանիքը եւ պարզ դարձավ, որ մենք լավ չենք պատրաստվել, որովհետեւ հաշվի չէինք առել, որ մարդիկ Արցախից գալու են միայն իրենց հագուստներով ու հեռախոսներով, եւ որ նրանք ընդմիշտ կորցրել են իրենց տները։ Մենք կենտրոնացանք ավելի շատ հագուստ, ուտելիք եւ հիգիենայի պարագաներ գնելու ուղղությամբ։

Սկսեցինք դիմավորել նրանց, եւ շուտով վազեցի կահույքագործ ընկերներիս մոտ ու 50 մահճակալ պատվիրեցի։ Այդ ընթացքում մեր աշխատակիցները չափազանց մեծ ջանասիրությամբ էին աշխատում՝ նախապատրաստում էին շենքը, սեղաններն էին տեղափոխում, մահճակալներ դնում։ Այս ընթացքում, նույնիսկ գիշերը 3-ին, նոր ընտանիքներ էին ժամանում։

 

Կիրիտ ՎելանինԿիրիտ Վելանին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք սկսեցինք մտածել ավելի ու ավելի շատ մարդկանց հյուրընկալելու մասին։ Ես որոշեցի մի մեծ առանձնատուն գնել տանս դիմաց`բոլորին ընդունելու համար: Արդյունքում, 2019-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021-ի փետրվարի 28-ը մենք Արցախից հյուրընկալել ենք ընդհանուր առմամբ 132 մարդու եւ բավարարել նրանց կենցաղային բոլոր կարիքները՝ սնունդ, հագուստ, տաք սենյակներ եւ երեխաների համար դասընթացներ։

Այս ընթացքում իմ տղաներն էլ դրամահավաք կազմակերպեցին եւ 36 հազար դոլար գումար փոխանցեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նրանցից յուրաքանչյուրը 8000 դոլար գումար էր ներդրել անձնական հաշվից։ Իմ եղբայրները նույնպես գումարներ հավաքագրեցին եւ ուղղեցին հիմնադրամին։

Ես այնքան հպարտ եմ նրանց համար՝ նրանք հասկացան ինձ, աջակցեցին, կարեւորեցին այս իրավիճակը։

Այս պահին մտածում ենք Արցախում մեր կենտրոնի մասնաճյուղը բացելու մասին: Ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի արցախցիներին վերադարձնենք կյանքի բնականոն հուն, որպեսզի նրանք աշխատանք ունենան եւ գումար վաստակեն: Կան նաեւ մի քանի ծրագրեր, որոնք մենք մշակում ենք որոշ ՀԿ-ների հետ գործակցելով: Ուզում ենք Արցախի պատանիներին անհրաժեշտ մասնագիտական կրթությամբ եւ բարձր աշխատավարձ ունեցող աշխատանքով ապահովել»։

  • Կիսվել: