ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խուճապ տարածողներին ու նվնվացողներին պետք է ուղարկել առաջին գիծ

Խուճապ տարածողներին ու նվնվացողներին պետք է ուղարկել առաջին գիծ

Lragir.am-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը

Ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում:

Մենք գտնվում ենք հյուսիսային թևում: Սահմանի ողջ երկայնքով ռմբակոծություններ են, թշնամու ինքնաթիռներն են գալիս ռմբակոծում գնում են: Հիմնականում աշխատում են դիրքերի վրա: Իրենց խնդիրը առաջնագիծը ռմբակոծելով թուլացնելն է: Ինձ թվում է, որ նրանց հարվածի երկրորդ ուղղությունը պետք է լինի հյուսիսից: Տղաների ոգին մարտական է, կանգնած ենք: Փառք մեր զինվորներին, մեր ժողովրդին. Մի մարդու պես կանգնած երկրի պաշտպանությունն իրականացնում ենք:

Օրերս վարչապետը հայտարարեց, որ այս փուլում դիվանագիտական հարթակում ամեն ինչ սպառված է, պետք է պայքարել և կամավորագրվելու կոչ արեց:

Ես չգիտեմ՝ վարչապետն ինչ է ասել, բայց մենք ունենք մի խնդիր՝ պաշտպանել հյուսիսային հատվածը և դա մենք անում ենք: Մենք մի քիչ հարավային թևի հետ կապված ենք մտահոգ, որ այնտեղ էլ պետք է ամրացվի, և դրա համար ես առաջին հերթին մեր ժողովրդին կոչ եմ անում խուճապի չմատնվել, որովհետև մեր թշնամիները ամեն տեսակի լուրեր են տարածում: Քանի որ մեր ֆեյսբուքը բաց է, իրենք կարող են սուտ տեղեկատվություններ տարածել, իսկ մեր ժողովուրդն էլ այդ սուտը վերցնում ու ճշտի տեղ տարածում է: Ես կխնդրեի մեր ժողովրդին, որ եթե մեկը իրենց վատ լուր է ասում, թքեք իր երեսին: Այդ ժամանակ մեր ժողովուրդը կլինի միասնական: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմի մեջ ենք և ամեն կողմից թշնամին մեզ լսում է, լուրեր է տարածում: Մենք պետք է այնքան զգոն լինենք, որ ամեն տարածածը չընդունենք իրականության տեղ: Մեր սահմաններն ամուր են, մենք պինդ ենք, կանգնած ենք և թույլ չենք տա, որ թշնամին առաջ գա:

Իսկ այդպիսի խուճապային տրամադրություն տարածելն ո՞ւմ է ձեռնտու:

Իհարկե մեր թշնամիներին, դա կլինի ներքին, թե արտաքին: Այդ ներքին թշնամիներին, ով այդպիսի վայրահաչություն է անում, հարկավոր է  զինակոչել և ուղարկել առաջին գիծ, օրինական կարգով: Թող գան էստեղ հայրենիքը պաշտպանեն, գան տեսնեն, թե ինչ է նշանակում պատերազմը և ինչ է նշանակում հայ զինվորի սահմանին կանգնելը: Թող գան էստեղից քննադատեն բոլորին:

Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ առաջխաղացում մենք ունենք:

Առաջխաղացումն այն է, որ մենք հենց սկզբից շղթան վերցրել ենք, այսինքն գրավված դիրքեր ունեինք, դրանք բոլորը հետ ենք վերցրել ու այդպես մնացել է: Իրենք  բազմաթիվ անգամ փորձել են ճեղքել, չեն կարողացել: Մինչև հիմա իրենց դիակները ձորերում լցված է, որը չեն տանում չգիտեմ ինչ պատճառներով: Նույնիսկ մենք հրահանգ ենք տվել, որ չկրակեն, որպեսզի հետագայում այստեղ հիվանդություններ չլինեն, գան տանեն իրենց դիակները, բայց չեն տանում, ոչ էլ միտք ունեն տանելու: Այն դիակները, որ մեր կողմում են եղել ընկած, մենք բերել, թաղել ենք, իսկ մնացածն իրենք չեն տանում: Թող դիմեն Կարմիր խաչին, որ գան այդ հատվածից դիակները հավաքեն տանեն: Իսկ ընդհանուր առմամբ, մեր ժողովրդին կասեմ դուխներդ տեղը, լրագրողներին էլ կոչ կանեմ նվնվալով չգրել, ամեն ինչ լավ է լինելու:

  • Կիսվել: