ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խծաբերդի և Հին Թաղերի վերաբերյալ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան․ Փաշինյան

Խծաբերդի և Հին Թաղերի վերաբերյալ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան․ Փաշինյան

Խծաբերդում և Հին Թաղերում մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել եռակողմ հայտարարության դրույթներին և տրամաբանությանը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ 1 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթել են Հադրութի շրջանի երկու գյուղեր՝ Խծաբերդը և Հին Թաղերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, մոտ մեկ տասնյակ զոհ եղավ, 62 անձ գերեվարվեց, որոնց մի մասը դեռևս չի հայրենադարձվել:

«Փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ ձևով չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,-ասաց Աբրահամյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղավորվում էր այդ երկու գյուղերի հայկական լինելը:

Փաշինյանը պատասխանեց․

«Ուզում եմ իմ հարգանքի և խոնարհումի խոսքերն ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին՝ Ձեր նշած հանգամանքներում: 9 հերոս մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի:

Ինչ վերաբերում է Ձեր նշած դրվագին, դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված: Փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը:

Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ: Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հրապարակվել էին Խծաբերդում գերեվարված զինվորների ցուցմունքներ, որոնք խոստովանում էին, որ 62 հոգով, լիովին զինված, հանձնվել են ադրբեջանական մոտ 10 հոգանոց զորախմբին։
 

  • Կիսվել: