Շատ լավ է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ընդլայնել ՀՀ-ում տեղակայված դիտորդական առաքելությունը. Արման Եղոյան
Երևանը շատ լավ է վերաբերվում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն՝ անդրադառնալով ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի այն հայտարարությանը, որ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։
«Խոսքը առկա դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակի ընդլայնման, ժամկետների երկարաձգման մասին է։ Խոսքը զգալի փոփոխությունների մասին է։
Այսօր աշխարհում այնպիսին է իրավիճակը, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ բաղադրիչից, դա բաղադրիչների համադրություն է: Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է, ու շատ կարևորը։ Շատ լավ է, որ իրենք որոշում են կայացրել ընդլայնել այդ առաքելությունը»,- ասաց Եղոյանը։
Նշենք, որ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում և ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։