ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոսքս ուղղում եմ Արցախի այն բնակիչներին, որոնք ներգրավված են Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին. Վիլեն Գաբրիելյան

Խոսքս ուղղում եմ Արցախի այն բնակիչներին, որոնք ներգրավված են Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին. Վիլեն Գաբրիելյան

Եկել եմ ասեմ, որ պատմությունից հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպայի մի շարք երկրներում ծնվեց ինքնաբուխ համաժողովրդական շարժում ֆաշիստական օկուպացիոն ռեժիմի դեմ, որն այնուհետև կազմակերպվեց և ստացավ «Դիմադրություն» անվանումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը․

«Այսպիսով, քաղաքական դաշտում «Դիմադրություն» շարժում հասկացության ներքո պետք է հասկանալ օկուպացիոն ռեժիմի դեմ համազգային-ազատագրական պայքար, որի կուլմինացիան՝ զինված ապստամբությունն է: Ընդդիմության հայտնի պարագլուխները հայտարարել են, որ ներկա շարժումը՝ դիմադրություն է Հայաստանում, ուստի հարց է ծագում՝ ո՞վ և ե՞րբ է օկուպացրել Հայաստանը և ովքե՞ր են այդ օկուպացիայի ու օկուպանտների դեմ դիմադրություն կազմակերպող ղեկավարները Հայաստանում: Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը ձևավորվել է ազատ, թափանցիկ ընտրությունների արդյունքում, այն լեգիտիմ է և ստացել է ընտրության մասնակիցների գերակշռող մեծամասնության քվեն:

Հետևաբար, դիմադրության շարժումն իր դասական իմաստով Հայաստանում առարկայազուրկ է, ինչի ապացույցն է այն, որ նա չի ստացել Հայաստանի հանրության կողմից լայն արձագանք: Միանգամայն տեղին կլիներ, եթե այդ շարժման պարագլուխները դիմադրություն կազմակերպեին Արցախում, սակայն միայն իրենց հայտնի պատճառներով դա տեղի չի ունենում:

Խոսքս ուղղում եմ Արցախի հանրապետության այն բնակիչներին, որոնք ներկայումս ներգրավված են Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին:

Հարգելի հայրենակիցներ, դուք չեք նպաստում ո՛չ Լեռնային Ղարաբաղի հանրապետության և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Ինձ համար ընդունելի ու հասկանալի կլիներ, եթե դուք պահանջեիք Հայաստանում մշտական բնակություն հաստատած Արցախի առաջին նախագահին դիմադրության շարժում և «Ֆրանսիայի հրապարակ» կազմակերպել ու իրականացնել Ստեփանակերտում ու Շուշիում, կամ առնվազն պահանջեիք Արցախից տեղահանվածների այս կամ այն խնդիրների լուծում, որոնք ի դեպ քիչ չեն և որոնցով ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք: Եվ, ըստ այդմ, ինձ համար անընդունելի է, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը Արցախը հանձնելու կեղծ, շինծու մեղադրանքով: Հայաստանի ներկայիս իշխանություններին ընտրել են բացառապես ՀՀ քաղաքացիներն իրենց կամքով, որոնք վճարում են հարկեր, որից ձևավորվում է Հայաստանի բյուջեն, որի միջոցով Հայաստանի իշխանությունները և ՀՀ քաղաքացիները լուծում են Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսացող Արցախի ժողովրդի անվտանգության և բարեկեցության խնդիրները, ամենամյա կտրվածքով բյուջեից տրամադրելով մեծածավալ միջոցներ:

Ըստ այդմ, երբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը, որին դուք չեք ընտրել, դուք վիրավորում եք հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, նաև նսեմացնում եք Արցախի համար պայքարի գաղափարը, էլ չեմ ասում, որ խոչընդոտում եք ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը և աշխատանքը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ՀՀ բյուջեն: Ասեմ ավելին, վերը նշվածս անձիք, այս գործելաոճով սեպ են խրում ու թշնամանք են տարածում Հայաստանի և Արցախի հանրությունների միջև:

Եվ ուրեմն կոչ եմ անում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագտնել իրենց արժանապատվությունը և հայրենասիրությունը, (եթե իհարկե այն երբևիցէ ունեցել են) իրենց բոլոր ֆինանսական ռեսուրսներով, իրենց ղեկավարած դիմադրության շարժումը Արցախի դրոշի ներքո ուղղորդել դեպի Արցախ, ինչու ոչ դեպի օկուպացված Շուշի, վերաբնակվել այնտեղ, ապրել և արարել հանուն Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությանը ու բարօրությանը, ջանք և ռեսուրս չխնայել մեր հանրությունների, մեր ժողովրդի, մեր ազգի միասնականությանը:

Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան նույն ինքը՝ նավակ Ճոճողը»։

  • Կիսվել: