Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները․ Ղալումյան
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրում է որպես դրական գործընթաց։
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով լսումների ժամանակ Ղալումյանը հայտարարեց, որ ամայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը։
«Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց նա՝ հավելելով, որ Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները։



