կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խորհրդարանը քննարկում է տուգանման բալային համակարգը հանելու ընդդիմության նախագիծը

Խորհրդարանը քննարկում է տուգանման բալային համակարգը հանելու ընդդիմության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:  

«Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ»,- ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ այս նախագծով ոչ վիճարկվում է բալային համակարգի արդյունավետությունը, ոչ վիճարկվում է տուգանքների բարձր կամ ցածր լինելը: «Այս օրենքի վիճարկման հիմնական պատճառը ՀՀ սահմանադրության պահանջն է. 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկնակի դատվել նույն արարքի համար: Իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ նույն արարքի համար՝ մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում, և վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ այստեղ է, որ քաղաքացու իրավունքը խախտվում է: 

Նա ներկայացրեց թվեր. 2017 թվականին, երբ բալային համակարգ չկար, Հայաստանի ճանապարհներին պատահարների արդյունքում մահացել է 279 քաղաքացի, 2018-ին մահացել է 343 քաղաքացի, 2019-ին՝ 341 քաղաքացի, իսկ 2021-ին, երբ արդեն ներդրված էր բալային համակարգը, մահացել է 368 քաղաքացի:

ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նշեց՝ բալային համակարգը գործում է նախատեսվածի 40 տոկոսի չափով, այն գործում է միայն Երևանում՝ տեսահսկման համակարգերով, իսկ ճանապարհապարեկային ծառայության, պարեկների միջոցով արձանագրվող խախտումների համար առայժմ բալային համակարգ չի կիրառվում: Պատգամավորն էլ ներկայացրեց վիճակագրություն: «Զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների բաժինը Երևանում կազմում էր 45-60 տոկոս, բալային համակակարգի կիրառումից հետո այն կազմում է 20-21 տոկոս»,- ասաց Խաչատրյանը՝  նկատելով, որ Երևանում այդ համակարգը առավելագույնս է կիրառվում, և դրա կիրարկումից հետո զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների մասնաբաժինը փաստորեն նվազել է:

  • Կիսվել: