հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խորհրդարանը կենսաթոշակին առնչվող նախագիծը չներառեց նիստի օրակարգ

Խորհրդարանը կենսաթոշակին առնչվող նախագիծը չներառեց նիստի օրակարգ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու», - ասաց Վարդանյանը:

Պատգամավորն առաջարկում է՝ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից, կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:

«ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն», - ասաց Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը:

Նախագիծը չներառվեց ԱԺ նիստերի օրակարգ. կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62:

  • Կիսվել: