շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խորհրդակցել եմ մասնագետների, նախկինում բանակցողների հետ. Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Խորհրդակցել եմ մասնագետների, նախկինում բանակցողների հետ. Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի հետ բանակցությունների համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է մասնագետների, նախկինում բանակցողների և բանակցությունների մասնակցածների հետ, իր հետ կա աշխատանքային խումբ: Այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի ելույթին:

Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների ցածր որակի պատճառն այն է, որ իրենք՝ պատգամավորները, միմյանց հետ չեն խոսում, այլ խոսում են «աղմուկային տրամաբանությամբ»: Ռուբինյանը դժգոհեց ընդդիմության տված հարցադրումներից, ըստ նրա՝ դրանք բովանդակային պատասխաններ ակնկալող հարցեր չեն եղել: «Ինչի՞ մասին է եղել հարցադրումների մեծ մասը. ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել, մեքենայի վրա դրոշ կա՞ր, թե՞ ոչ»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով, ըստ նրա, բովանդակային հարցերին, մասնավորապես հարցին, թե արդյոք կա աշխատանքային խումբ իր հետ՝ Ռուբինյանը դրական պատասխան տվեց:

«Այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Իսկ, թե արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցողների հետ. այո, իհարկե խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել»,-ասաց նա, սակայն անուններ չհնչեցրեց, քանի որ, իր խոսքով, թույլտվություն չի վերցրել:

Հարցին՝ Ռուբինյանը ստորագրելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ, բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ ինքը ներկայացուցիչն է: Սուբյեկտը, որը կայացնում է որոշումը՝ կառավարությունն է:

«Ես շատ բաց եմ բովանդակային քննարկումների համար՝ թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային: Եվ ես գնահատում եմ ցանկացած բովանդակային հարցադրում, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով «ազդեցության գործակալների» թեմային՝ նա ասաց, որ իր համար քաղաքական դաշտի, պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է:

«Ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը, կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում և զգայուն թեմաները, վախը, զգացմունքները, ցավը՝ փորձում են կապիտալիզացնել»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է կասկածների, մանիպուլյացիաների միջոցով իրեն ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Նրա խոսքով՝ մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները: Ռուբինյանը կոչ արեց բոլորին` մտնել բովանդակային դաշտ:

«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,-ասաց նա՝ կոչ անելով երկու ընդդիմադիր խմբակցություններին արտահայտել դիրքորոշում, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

  • Կիսվել: