չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Խելքներդ գլուխներդ հավաքեք. Արման Բաբաջանյանը մատ թափ տվեց Դաշնակցության վրա

Խելքներդ գլուխներդ հավաքեք. Արման Բաբաջանյանը մատ թափ տվեց Դաշնակցության վրա

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին վրդովեցրել էր Դաշնակցության հետ կապված վերջին սկանդալային բացահայտումը, և նա այսօր այդ կուսակցության ներկայացուցիչների վրա ԱԺ ամբիոնից մատ թափ տվեց:

«Նախօրեին հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու մասին: Այդ ուժը հայտնի է: Ես չգիտեմ որքանով այստեղ գտնվող երիտասարդ պատգամավորները գիտեն՝ նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում ահաբեկչական իր անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Ես կարծում եմէ Ազգային ժողովը չպետք է անմասն մնա, և մենք պետք է մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում թիրախը ԱԺ ընտրություններ են», -հայտարարեց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի խմբակցությունները պետք է գնահատական տան նման հայտարարություններին:

Հիշեցնենք՝ երեկ գրություն էր տարածվել, որտեղ նշվում էր, որ դաշնակցական ավագընկերները հավաք են կազմակերպել, և ՀՅԴ ղեկավարության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խոսել է երկրում պարտիզանական պայքար սկսելու մասին: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամները դեմ են եղել այս նախաձեռնությանը, ինչի պատճառով նրանց անդամությունը կուսակցությանը սառեցվել է: Վարչության երեք անդամներ տարբեր հարցարզույցներում հաստատեցին, որ եղել է նման հավաք և որ խոսվել է պարտիզանական պայքարի մասին, ինչն այսօր անում են՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելով:

Արման Բաբաջանյանը իր ելույթում հիշել է Հրանտ Մարգարյանի անցյալը. «Նա 90-ականների սկզբին զբաղված էր թմրանյութ տեղափոխելով և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Պիտի չմոռանանք՝ Դրո կառույցն ինչի մասին էր, Հոկտեմբերի 27-ի հանցագործները ինչ կապ ունեին այդ ուժի հետ: Բոլորս մեր զորակցությունը պիտի հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ նման հավաք է տեղի ունեցել ու եղել է նման հանձնարարություն»:

Պատգամավորի խոսքով, Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում և Սփյուռքում օգտագործելով մեդիա ռեսուրսը «աննկարագրելի թույն է թափում» պետության ու նոր փոփոխությունների դեմ:

«Թող խելքները գլուխները հավաքեն, և թող Ազգային անվտանգության ծառայությունը ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող հանդուրժել նման երևույթները», մատը թափ տալով ամբիոնից հայտարարեց Բաբաջանյանը:

 

 

 

  • Կիսվել: