ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խանութներում արհեստական հավելումներով կաթնամթերքը կառանձնացվի բնական կաթնամթերքի դարակաշարից

Խանութներում արհեստական հավելումներով կաթնամթերքը կառանձնացվի բնական կաթնամթերքի դարակաշարից

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը խանութներում առանձնացված դարակաշարում լինի:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ սկզբնապես ներկայացված նախագծում որոշ փոփոխությունների առաջարկով:

Նախարարությունն առաջարկում է խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ մտցնել:

Հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Մասնավորապես, քանի որ կա կաթնամթերք, որը պատրաստված է բնական, մաքուր կաթից, և կա կաթնամթերք, որի պատրաստման համար բուսական յուղ կամ այլ հավելանյութեր են օգտագործվում, և սպառողը հաճախ ընկնում է մոլորության մեջ, առաջարկվում է, որ խանութներում դրանք դասավորվեն առանձին դարակաշարերում, որ անմիջապես տեսանելի լինի, թե որն է արհեստական հավելումներով, բուսական յուղերով, որը՝ լրիվ մաքուր, բնական»:

Սկզբնապես կազմված նախագծում այս կարգավորումը վերաբերելու էր բոլոր խանութներին, սակայն, հետո նկատի են ունեցել, որ դա փոքր խանութների դեպքում հնարավոր չէ: Այսպիսով, առաջարկվեց կարգավորումը տարածել միայն 200 քմ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների վրա:

Առեւտրի օբյեկտներում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:

Նախագիծը հանձնաժողովի նիստում հավանություն ստացավ փոփոխությամբ հանդերձ:

  • Կիսվել: