չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խախտումները բավարար են՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար. «Զարթոնք»

Խախտումները բավարար են՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար. «Զարթոնք»

Ըստ ՛՛Զարթոնք՛՛ ազգային քրիստոնեական կուսակցության՝ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ՍԴ-ի այսօրվա նիստի ժամանակ ասաց ՛՛Զարթոնքի՛՛ գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ դատավորների հարցուպատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության:

՛՛Առայսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում՛՛,-ասաց Զոհրաբյանը և նշեց, որ կուսակցության ներկայացրած մջնորդությունները չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել:

Ինչպես վստահեցրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: 

Զոհրաբյանն ընդգծեց, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում: ՛՛Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը, քննության առնելով մեր դիմումը, որոշեց մերժել այն՛՛,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան:

Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր:

Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը:

Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված՝ ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: ՛՛Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: