երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել.Փաստաբան

Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել.Փաստաբան

Հանրությանն ենք ներկայացնում առաջին տեսանյութից մի հատված, որն ակնհայտորեն հաստատում է, որ ոչ թե Գագիկ Ծառուկյանը խարդախություն է կատարել, այլև, որ որպես տուժող ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել, սակայն իրական տուժող Գագիկ Ծառուկյանն իրավապահ մարմինների կողմից արհեստականորեն վերածվել է մեղադրյալի: Այս մասին տեսանյութ է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Մասնավորապես, պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն, ի սկզբանե, նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, այլև՝ ի սկզբանե, ցանկացել է ԻԻՀ այդ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և, ի վերջո, 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։

Ինչպես և պնդում էինք ամբողջ նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ առ այն, որ իրականում արհեստականորեն որպես տուժող ճանաչված ԻԻՀ այդ քաղաքացիները համատեղ բիզնեսը սկսելու համար բացարձակապես որևէ գումար չեն ներդրել և ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը։

Մասնավորապես,

Արման Օլամային ներկայացել է որպես Իրանի պետական ներկայացուցիչ՝ նշելով, որ բազմաթիվ ապրանքներ ՀՀ ներմուծելու բացառիկ լիցենզիաներ ունի` տրված Իրանի պետության կողմից, որ կարող է անհամեմատ էժան ու ձեռնտու գներով այդ ապրանքը ներմուծել և ՀՀ-ում վաճառել՝ համատեղ շահույթ ստանալու համար, ուստի փոխադարձ համաձայնությամբ բիզնես գործունեության համար անհրաժեշտ ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԻԻՀ-ից ապրանքի մատակարարումը և բիզնեսի վարումը պետք է իրականացներ Արման Օլամային՝ իր վստահելի անձանց միջոցով:

Այդ նպատակով ստեղծվել են «ԻՐԱՆ- ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոս բանեմասը պատկանել է «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը, իսկ 50 տոկոսը՝ Օլամայիներին պատկանող իրանական «ՓԱՐՍ ՀԵԼԱԼ» ընկերությանը, որի գործադիր տնօրեն նշանակվել է Արման Օլամայի հոր՝ մյուս տուժող Հաջիալի Օլամայիի մտերիմ ընկեր և նրանց վստահելի անձ՝ Համլետ Թումանյանը։

Ստեղծվել են նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ «ԵՎՐԱՍԻԱ ՄՈՒԼՏԻ ԹՐԵՅԴ ՔՈՄՓԱՆԻ», «ԵՎՐԱՍԻԱ ՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերությունները, որոնց 50 տոկոս բաժնեմասը պատկանել է Արման Օլամային, 50 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, իսկ գործադիր տնօրեն ևս նշանակվել է նրանց վստահելի անձ Համլետ Թումանյանը։

Ներկայացված տեսանյութում Գագիկ Ծառուկյանը թարգմանչի ներկայությամբ խոսում է տուժողներ ճանաչված Հաջիալի և Էրֆամ Օլամայիների հետ և հայտնում է, թե որքան է հավատացել նրանց, որ Արման Օլամայիին եղբոր պես է ընդունել ու ընդունում, որ անվերապահորեն հավատացել է նրանց, որ իրանական պետության ներկայացուցիչներն են, առավել ևս, որ իրեն հրավիրել են Իրան և մեծ հարգանքով ընդունելության արժանացրել, հանդիպումներ կազմակերպել բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների հետ և այլն, որ իր նպատակն է եղել հայ-իրանական հարաբերությունների խորքային զարգացումը։

Սակայն առավել հատկանշական են այդ տեսանյութի հետևյալ հատվածները՝

01։00-01։20 հատվածը, որտեղ Գագիկ Ծառուկյանը հստակ նշում է, որ ո՛չ Համլետ Թումանյանին է ճանաչել, ո՛չ էլ Արման Օլամային, որ նրանք առաջին օրվանից, երբ եկել են իր մոտ, ներկայացել են որպես Իրանի պետության ներկայացուցիչներ, դրա համար էլ նրանց անմնացորդ վստահել է։

03։24-03։38 հատվածում Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ամբողջ գումարն ինքն է ներդրել, որ Արման Օլամային նույնիսկ «մեկ կոպեկ» չի ներդրել, իսկ երբ ինքն Արմանին ասել է, որ գոնե գումարի 10 %-ը նա ներդնի, Արման Օլամային ասել է, որ ինքը գումար չունի, սակայն այդքանով հանդերձ, հիմնադրված ընկերության 50 % բաժնեմասը գրել է Արման Օլամայիի անվամբ։

05։20-05։46 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, թե ցեմենտի և յուղի գործարաններ կառուցելու և այլ առաձին բիզնեսների համար որքան գումար է տվել, սակայն իրեն խաբել են և որևէ աշխատանք չեն կատարել։

06։05-06։22 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ իրեն նույնիսկ թույլ չեն տվել, որ այդ բիզնեսները վերահսկելու համար իր վստահելի գոնե մեկ մարդ դնի, որպեսզի ապրանքների հոսքին ու գումարների շարժին հետևի, պատճառաբանել են, թե իրենք պետական կառույց են, որ իրենք այդ ամբողջը կանեն։

09։20-09։53 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ բանկից 7 միլիոն դոլար վարկ է վերցրել և ներդրել այդ բիզնեսում, որ ևս 7,5 միլիոն դոլար էլ իր միջոցներից է ներդրել՝ ընդհանուր 14,5 միլիոն դոլար։

17։20-17։36 հատվածուծ Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ 2024 թվականի հունվարին համատեղ բիզնեսի վերաբերյալ տրված հաշվետվության համաձայն՝ ընդհանուր շահույթը կազմել է 23 միլիոն դոլար, սակայն այդ գումարը չի եղել, իսկ Արման Օլամային Ծառուկյանին խնդրել է, որպեսզի իրեն մինչև մարտ ամիս ժամանակ տա, որպեսզի ինքը ամբողջ գումարը վճարի։

19։30-20։04 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ամբողջ պայմանավորվածությունը ունեցել է Արման Օլամայիի հետ, որ վերջինս Իրանից գալով իր հետ փաստաթուղթ է բերել, որը ստորագրել են նաև խոսակցությանը ներկա Հաջիալի և Էրֆան Օլամայիները (խոսքը երաշխավորության պայմանագրի մասին է, որով Օլամայիները հավաստիացրել են, որ պարտավորվում են վերադարձնել այդ ամբողջ գումարը), ինչպես նաև հայտնում է, որ իրենք 23 միլիոն դոլար գումար են աշխատել և գրել են, որ 7 և 7․5 միլիոն դոլարը՝ 14․5 միլիոն դոլարը, իր ներդրած գումարն է, իսկ մնացած 8,5 միլիոն դոլարը եղել է իրենց ընդհանուր գումարը, որը պետք է հավասար՝ 4․25-ական միլիոն դոլար բաժանվեր իր և Արման Օլամայիների միջև։
20։36-20։54 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ Արման, Հաջիալի և Էրֆամ Օլամայիները փաստաթուղթ են ստորագրել, որ պարտավորվում են վերադարձնել այդ գումարը։ Ինքն էլ նրանց ասել է, որ եթե իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվել, ապա կարող են աշխատանքով փակել, իսկ Օլամայիներն էլ պարտավորվել են համատեղ աշխատանքից ստացվող գումարներով վճարել այդ գումարը։

23։05-23։40 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ինքը տեղեկացել է, որ Հայ-իրանական առևտրի կենտրոնի համար Օլամայիները Իրանում տարբեր կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքել, գումարներ են ստացել, սակայն իրեն խաբել են ու գումար չեն տվել։

24։57-26։14 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ինքն ընդամենը ցանկանում է, որ Արման Օլամայիի հայրը՝ Հաջիալի Օլամային, լսի այս ամենը և ինքը որոշի, թե ինչ պետք է անեն հետագայում, քանի որ Արման Օլամային իրեն խաբել է և գումարներ է «գցել», դրա համար էլ եթե նրանք ցույց չտան, թե որտեղ են այդ գումարները, ինքն այլևս որևէ գումար չի ներդնի։

27։07-27։30 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ինքն այս ամենի մասին հենց Հաջիալի Օլամայիին է ասում, քանի որ շատ է հարգում նրան, իսկ Արմանը ժամանակացույց է գրել, թե ինչ ժամկետներում է իր գումարները վճարելու, սակայն չի վճարել, դեռ մի բան էլ, երբ Հայաստան է եկել, փորձել է այնպես անել, որ ինքը դրա մասին չիմանա։
Իսկ ամենակարևորը, որ այս ամենը լսելուց հետո՝ 34։50-39։20 հատվածում, Հաջիալի Օլամային հստակ հայտնել է, որ իրենք ընդունում են, որ համատեղ բիզնեսի համար Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արել է շատ բարձր մակարդակով, որ դրանք իրենք անձամբ են տեսել և որ դրանք իրենց ներկայացնելու կարիք չկա։
Ավելին, շատ հստակ ընդունել է, որ ամբողջ բիզնես գործունեությունն իրենք են կազմակերպել և որ պատրաստ են կատարած աշխատանքի մանրամասները ներկայացնել Գագիկ Ծառուկյանին։

Նաև հստակ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի գումարներն իրենց մոտ ի պահ է և որ իրենք ամեն ինչ անելու են, որ նա մեկ կոպեկ չտուժի։
Իսկ վերջում, ցանկանում եմ յուրաքաչյուրին մեկ հարց տալ՝ ինչպե՞ս կարող են Իրանի քաղաքացիները տուժող լինել և ինչպե՞ս կարող է Գագիկ Ծառուկյանը նրանցից 21 միլիոն դոլար հափշտակած լինել, եթե նրանք ևս այդ խոսակցության ժամանակ ընդունում են, որ Գագիկ Ծառուկյանի 14․5 միլիոն դոլար գումարն է իրենց մոտ ի պահ։

Ավելին, եթե իրականում Գագիկ Ծառուկյանն է նրանցից 21 միլիոն դոլար գումար հափշտակել, ապա ինչպես է հնարավոր, որ այդ ամբողջ խոսակցության ընթացքում իբրև տուժող Իրանի քաղաքացիները գոնե մեկ անգամ Գագիկ Ծառուկյանին չասեն, որ ոչ թե իրենք են նրան պարտք, այլև՝ Ծառուկյանն է իրենց գումարները հափշտակել։

Իհարկե, որպես տուժող ճանաչված անձանց կողմից ստորագրած պարտավորագրերով և երաշխավորագրերով ևս հաստատվում է, որ նրանք են հափշտակել Գագիկ Ծառուկյանի գումարները և մինչև օրս չեն վերադարձրել։

Ահա, թե ինչու ենք պնդում, որ իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալներ՝ Իրանի քաղաքացիներն արհեստականորեն վերածվել են տուժողի։
Այլ կերպ ասած՝ բավարար չէ, որ Իրանի քաղաքացիները 14․5 միլիոն դոլար են հափշտակել Գագիկ Ծառուկյանից, դեռ մի բան էլ ՀՀ իրավապահ մարմիններն այնպես են ուզում անել, որ ևս 21 միլիոն դոլար էլ դատարանը Գագիկ Ծառուկյանից բռնագանձի հօգուտ Իրանի այդ քաղաքացիների։

Ինչ խոսք՝ շատ «արդար է»․․․

  • Կիսվել: