երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը. ՀՀ նախագահի հոդվածը

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը. ՀՀ նախագահի հոդվածը

Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) պաշտոնական կայքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հոդվածը՝ «Խաղաղության խաչմերուկ․ Զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության Հայաստանի կոչը» խորագրով:

Հոդվածում նախագահ Խաչատուրյանը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինը ճանաչելու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ լինել և փոխադարձաբար պաշտպանել ու քաջալերել միմյանց»:

Նախագահը մասնավորապես գրում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդգծում է տնտեսական համագործակցության և նոր աշխարհակարգում ընդհանուր արժեքների կարևորությունը։

«Տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման կապող օղակ: Հայաստանը, իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացման հանձնառությամբ, լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր ունենալու համար»:

Իր հոդվածում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորում է ազատությունը, ժողովրդավարական ինստիտուտները և նորարարությունները, դրանք ներկայացնելով որպես շատ կարևոր գործիքներ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով անցնելու համար։

«Ժողովրդավարությունը, որն ուղղված է ներառականության և համախմբված որոշումների կայացմանը, հիմք է ստեղծում ազգերի միավորման համար: Տեխնոլոգիական նորարարությունը, երբ կիրառվում է պատասխանատու կերպով, ունի ներուժ՝ անհատներին և ազգերին հնարավորություն տալու հաղթահարել մարտահրավերները և խթանել դրական փոփոխությունները: Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների պահպանմանը և նորարարության լծակների օգտագործմանը՝ որպես դրական փոփոխությունների գործիքներ»,- նշում է Վահագն Խաչատուրյանը:

Հայաստանի նախագահը նաև նշում է, որ Հայաստանը հանձնառու է տևական խաղաղություն կառուցելու գործին։

«21-րդ դարում աշխարհը պայքարում է ճգնաժամերի դեմ՝ համաճարակներից մինչև բնապահպանական մարտահրավերներ, և ճգնաժամի գնի ընդունումը զուտ տնտեսական չէ. այն նաև մարդկային և բնապահպանական է: Ներկայիս բազմաթիվ ճգնաժամերի ժամանակաշրջանում և աննախադեպ փոխկախվածության և աշխարհակարգի զարգացող փոփոխությունների լույսի ներքո մեկ ազգի ճգնաժամը մարտահրավեր է բոլորի համար»,- գրում է նախագահը՝ շեշտելով, որ այս մարտահրավերների հաղթահարման համար ահռելի նշանակություն ունի խաղաղության կառուցումը՝ վստահության ձևավորման միջոցով։

«Հարավային Կովկասում վերջին հակամարտությունը և մարդկանց բռնի տեղահանումը որպես վառ հիշեցում է ծառայում այն բանի, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ խաղաղ բնակչության վրա»,- նշում է նախագահը։

Նա շեշտում է, որ Հայաստանը հանձնառու է ճգնաժամի հետևանքները վերածել հնարավորության՝ կառուցելու տևական խաղաղություն և առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը։

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, կարևոր շեշտ է դնում փոխադարձ վստահության ձևավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարևանների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև: Դիվանագիտական նախաձեռնությունների, երկխոսության և մշակութային փոխանակման միջոցով մենք ձգտում ենք կամրջել տարաձայնությունները և ստեղծել միջավայր, որտեղ ազգերը կարող են միասին աշխատել՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին»,- գրում է նախագահն իր հոդվածում:

Վահագն Խաչատուրյանը նշում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակներից է, մասնավորապես՝ տարածաշրջանը վերածել քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և միջազգային համագործակցության կենտրոնի:

«Այն ձգտում է անցնել ավանդական աշխարհաքաղաքական բաժանումների սահմանը՝ խթանելով մի միջավայր, որտեղ ազգերը կարող են համախմբվել՝ համատեղ լուծելու ընդհանուր մարտահրավերները: «Խաղաղության խաչմերուկն» ունի ներուժ՝ փակ սահմաններով, մասնատված տարածաշրջանը վերածելու մակրոտարածաշրջանային համագործակցության հանգույցի, ազատություն տալով Կովկասի ողջ ներուժի իրացմանը»,- գրում է նախագահ Խաչատուրյանը։

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոգեշնչված է խաղաղությանը և գործընկերությանը մեր հանձնառությամբ, արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի Հայաստանի տեսլականը, որտեղ ազգերը միավորված են գլոբալ մարտահրավերների դեմ: Նոյյան տապանի ոգով եկե՛ք սկսենք այս հավաքական ճանապարհորդությունը՝ վառ պահելով հույսը և միասին աշխատելով հանուն կայուն և ներդաշնակ ապագայի»,- եզրափակում է նախագահը։ 

  • Կիսվել: