երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խաչատուրովի չներկայանալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը․ Քոչարյանը՝ ապրիլյան զեկույցի մասին

Խաչատուրովի չներկայանալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը․ Քոչարյանը՝ ապրիլյան զեկույցի մասին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին հաջողվել է ստանալ հետաքրքրող հիմնական հարցերի պատասխանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը հանձնաժողովի կատարած աշխատանքը նախ համարեց բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ, ըստ նրա՝ այսպիսի ծավալի աշխատանք երևի ոչ մի անգամ չի իրականացվել: Զեկույցը գաղտնի է, սակայն գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ զեկույցին, զեկույցի հիմքում դրված բոլոր նյութերին, ձայնագրություններին:

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առաջարկել է Քոչարյանի՝ զեկույցի ներկայացման այն դրվագները, որոնք գաղտնի չեն, ծաղկաքաղ անել և հրապարակել:

Ըստ նրա՝ հաջորդ փուլը պետք է լինի այն, որ համապատասխան մարմինները՝ զինվորական դատախազությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները, պետք է ուսումնասիրեն զեկույցի դրվագները:

«Զեկույցում շատ կարևոր դրվագներ կան, որոնք առնչվում են թե սպառազինությանը, թե կառավարմանը, թե քաղաքական որոշումներին, թե որոշումների կայացման բացթողումներին և դրա պատճառներին»,-նշեց նա:

Քոչարյանն այն կարծիքին է, որ 44-օրյա պատերազմը Ապրիլյան քառօրյա պատերազմի շարունակությունն էր: Նա նշեց, որ պետք է կարողանան շարունակաբար գտնել այդ հարցի պատասխանը՝ կապ կա՞, թե՞ ոչ: Նա նշեց, որ բացի մեկ մարդուց՝ 2016-ին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովից, մնացած ոչ մի անձ, որը հրավիրվել է հանձնաժողովի նիստին, չի մերժել:

Քոչարյանի խոսքով՝ շատ բաներ են լսել, բայց այն, ինչ պետք է լսեին Խաչատուրովից, որ ամբողջացնեին «փազլը», չեն լսել: Հարցին, թե Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չներկայանալով ի՞նչ հարցի պատասխան չեն ստացել՝ Քոչարյանը պատասխանեց. «Ինչ է խոսել Մոսկվայում»:

Նա վստահեցրեց, որ ծանոթացել են իրենց հետաքրքրող գրեթե բոլոր փաստաթղթերին, լսել են՝ ում ցանկացել են: «Մեկ հոգու չգալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը: Ես ամեն ինչ արեցի, որ Գլխավոր շտաբի նախկին պետը գար, բայց նա չեկավ, այդ չգալու մեջ կա առեղծված»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում չեն փորձել դավադիրներ գտնել: «Մենք մեկ տարի փորձել ենք հասկանալ 2016-ի մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային՝ վառելիք այդ պահին կար, թե ոչ, սնունդը պակաս էր, թե ոչ: Պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են: Ուրիշ բան է՝ կառավարման մեջ մեր բացթողումներն անշրջելի հետևանք ունեցել են, թե ոչ»,-ասաց նա ու վստահեցրեց, որ պարզել են:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո հայկական կողմը Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ, թե՞ պարտվել է՝ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է, որ հաղթել է Ալիևին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ գործողություններ է իրականացրել, պահել է այդ դիրքերի առավելությունները»:

  • Կիսվել: