ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետին փոխարինողը ձերբակալված է․ «Հայկական ժամանակ»

Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետին փոխարինողը ձերբակալված է․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեւանի Կենտրոն վարչական շրջանը երեկվանից ղեկավար չունի: Ապրիլի 20-ից արձակուրդի մեջ գտնվող թաղապետ Ավետ Պողոսյանի պարտականությունները կատարում էր նրա առաջին տեղակալ Արմեն Ազիզյանը, որը երեկվա աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալվել է: Այսօր մեր այցելության ժամանակ Կենտրոնի թաղապետարանն արդեն խաղաղ էր, իսկ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի աշխատասենյակի դուռը՝ կապարակնքված:

Հիշեցնենք՝ Մանվել Մարգարյանը երեկ ծեծի էր ենթարկվել իր իսկ աշխատասենյակում թաղապետարանի ղեկավար կազմի որոշ անձանց, այդ թվում՝ Արմեն Ազիզյանի կողմից: Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ թաղապետին նոր փոխարինող դեռեւս չունեն, ասաց՝ երբ որ կարգադրություն լինի, մենք այդ մասին կլսենք: Մեր հարցին, թե Ավետ Պողոսյանը տեղյա՞կ է՝ ինչ խառը իրավիճակ է տիրում թաղապետարանում եւ գուցե ասել է, որ վերադառնալու է, քարտուղարն ասաց. «Թաղապետարանում խառը իրավիճակ չէ, նորմալ մեր գործն ենք անում: Ավետ Պողոսյանն էլ գիտակից մարդ է, գիտի՝ երբ, որտեղ ինչ անի: Ձեր հարցերն ուղղեք Երեւանի քաղաքապետարանին»: Ըստ օրենքի՝ Երեւանի քաղաքապետի կողմից պիտի կարգադրություն լինի, ու ժամանակավոր ղեկավար նշանակվի, եթե ղեկավարը բացակայում է: Որքանով մեզ է հայտնի, Ավետ Պողոսյանը դեռեւս չի էլ պատրաստվում վերադառնալ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ նա մեկ ամսով է արձակուրդ գնացել եւ իրեն փոխարինողի ու գլխավոր մասնագետի ձերբակալությունների լուրը պատճառ չի դարձել, որ վերադառնա: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ կա՞ կարգադրություն, թե ով է ժամանակավոր ղեկավարելու Կենտրոնի թաղապետարանը, կամ միգուցե քաղաքապետը, տվյալ կառույցում տիրող իրավիճակից ելնելով, Ավետ Պողոսյանին հե՞տ է կանչել արձակուրդից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ կարգադրություն դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ Ավետ Պողոսյանի պարտականությունները ժամանակավոր կկատարի նրա մյուս տեղակալը՝ Նիկոլայ Սարիբեկյանը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: Դեպքի նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են: Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), իսկ Արման Դավոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն էր տարածել, որ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս»: 

  • Կիսվել: