երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս. Սերժ Սարգսյան

Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս. Սերժ Սարգսյան

Ես չեմ կարող համաձայնել այն մտքի հետ, թե այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ներկայիս իշխանություններ  կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ 

Սարգսյանը նշեց, որ ինքը երբեք ՛՛ոչմիթիզական՛՛ չի եղել: ՛՛90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին՛՛,-պարզաբանեց նա՝ խնդրելով տարբերակել վերադարձնելը տալուց։

ՀՀ երրորդ նախագահը չհամաձայնվեց նաև այն ձևակերպման հետ, թե իբրև  2011 թվականի կազանյան բանակցություններից հետո հայկական կողմը յոթ տարի շարունակ ժամանակ է ձգել:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։

Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։ Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես ՛՛այսօրվա իրողություն պլյուս՛՛։

Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։

Հիմա դրան կանդրադառնամ։ Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները՛՛:

Ինչպես պարզաբանեց երրորդ նախագահը՝ խոսքը հինգ շրջանների վերադարձի մասին էր։ Այնպես որ, ըստ նրա, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։

Մենք Լաչինի շրջանը չէինք էլ տալու։ Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության։ Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Լաչինից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում», ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ նախկին նախագահի՝ վերադարձող ադրբեջանցիները չէին մասնակցելու հանրաքվեին, այնտեղ շատ հստակ նաև ձևակերպված էր, թե ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին և այլն։ Հանրաքվեի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում, այսինքն՝ ԼՂ իշխանությունները պետք է որոշեին, թե ինչպիսի օրակարգով է տեղի ունենալու հանրաքվեն։

«Ինչպես հայտնի է, Կազանում ադրբեջանցիները հրաժարվեցին այդ փաստաթուղթը ստորագրել, թեև արդեն 2011-ի հունիսի 11-ին մենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրությամբ նամակ էինք ստացել, որ բանակցություններն ավարտված են, տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և հունիսի 24-ին Կազանում առաջարկվում էր ստորագրել այս տեքստը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահը՝ պարոն Օբաման, և ասաց, որ ինքը շատ է խրախուսում, որ մենք ցուցաբերենք արիություն և ստորագրենք այդ փաստաթուղթը։ Նույն բովանդակությամբ նամակ եմ ստացել նաև Ֆրանսիայի նախագահից՝ պարոն Սարկոզիից։ Երկու դեպքում էլ ես պատասխանել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթը, բայց ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հրաժարվելու է այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Ինչևէ, մենք գնացինք Կազան, ես դրա մասին հանգամանորեն խոսել եմ Կիսելյովի հետ ռեպորտաժում և այլն», ասել է նա։

Այդ հարցազրույցի շուրջ շահարկումների առնչությամբ, Սերժ Սարգսյանն ասել է, որ դա արվում է, որովհետև հատվածաբար են դիտում, իսկ միայն յոթ շրջանի վերադարձը շահարկում են «ոչմիթիզականները», որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, նրանք ականջալուր չէին լինում, երբ ինքն ասում էր՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էր, որ հանկարծ այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել։

«Ինչևէ, Ադրբեջանը հրաժարվեց, դրանից հետո եղան հանդիպումներ, որոշակի շփումներ, հանդիպումներ նույնիսկ Ալիևի հետ Վիեննայում և այլն, բայց պետք է ասել, որ համեմատաբար հանդարտ իրավիճակ էր, և ակտիվ բանակցային պրոցեսներ՝ որպես այդպիսիք չկային։ Եթե հիշում եք, 2014-ին որոշակի լարվածություն ստեղծվեց։ Եվ 2014-ին համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, ասաց՝ Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք՝ խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանել։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին։ Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել։ Ես էլ ուղիղ ասացի հետևյալը՝ իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մեկ՝ վերջնական լուծում, մեկ՝ այսպես ասած, կիսալուծում։ Վերջնական լուծումը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։ Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգության գոտին՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե ինչպես այսօր՝ 2,5 կմ-անոց, այլ բավարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցվելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ սա ճիշտ լուծում է։ Եվ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնություն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխավորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել։ Բայց ես պատրաստ եմ մտնել այս բեռի տակ, որովհետև իմ համոզմամբ՝ սա ճիշտ լուծումն է։ Սա առաջին տարբերակն է»։

Երկրորդ տարբերակն, ըստ Սերժ Սարգսյանի, կիսալուծումն էր։

«Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ։ Այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։ Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ»։

«Այդ պատճառո՞վ էինք մենք ասում ՝ 5+2, ոչ թե 7»՝ հարցին, Սերժ Սարգսյանը դրական է պատասխանել․

«Այո, այսինքն՝ իմ ասած երկու տարբերակներն էլ ուղղակի բխում էին Մադրիդյան սկզբունքներից, Կազանյան փաստաթղթից։ Եվ պատահական չէ, որ և՛ ՌԴ արտգործնախարարը, և՛ համանախագահները, և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ՌԴ ներկայացուցիչ Պոպովը մշտապես հայտարարել են, ընդհուպ մինչև այս վերջին հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ այս թե այն չափով համապատասխանում էր Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքներին»։

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել․

«Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը, Լավրովն առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»։

Նախկին նախագահն ասել է, որ ցանկանում է պարզաբանել, որ քանի որ շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ինչ է նշանակում առաջարկություն, և ինչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են՝ ծանոթանալու համար․

«Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են»։

«Դրա տրամաբանությունը փուլայի՞ն է եղել, Լավրովի ասածից կարո՞ղ ենք դատել»՝ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է․

«Դուք հիշում եք, որ դրա մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը՝ արդեն 2020-ի գարնանը՝ մեկ տարի անց։ Այսինքն՝ համանախագահները դրանով ուզում էին ասել, որ մենք կողմերին տվել ենք փաստաթուղթ, ստացել ենք հավաստիացում, որ սրա շրջանակներում կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք, հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր։ Իսկ թե ինչո՞ւ եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է։ Չէ, ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչու այդպես եղավ, բայց մինչ այդ ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։

Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ, ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։ Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։ Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է»։

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրել, այլեւ բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը։

 

«Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ», նշել է 3-րդ նախագահը։

Ժամանակ անկեղծորեն, բացեիբաց այդ մասին չասելու վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանն ասել է, որ ասել է, բացեիբաց է ասել, միգուցե շատ չի ասել։

՛՛Բայց ասել եմ դա Ապրիլյան իրադարձությունների օրերին, երբ ինձ նամակ հղեցին «Լույս» հիմնադրամի 60-ից ավել շահառու և կոչ արեցին, որ ես հրաժարական տամ։ Ես նրանց բացատրեցի, որ իմ մնալու միակ պատճառը այս խնդիրը լուծելն է։ Մինչ այդ եմ ասել դրա մասին, բազմաթիվ անգամներ եմ ասել։ Ընդունում եմ իմ մեղքը, միգուցե քիչ եմ ասել, բայց արդյո՞ք եթե շատ ասեի, դա կօգներ գործին․ չէր օգնի։ Բայց ինչ էինք արդյունքում ստանալու։ Այս մասին էլ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր բան է։

Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։

Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ ՛՛օրակարգը ոչնչով չի սահմանափակվում՛՛, դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա՛՛,-պատմել է 3-րդ նախագահը։

Ըստ նրա՝ այդ պայմանավորվածությունը եղել է արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո. ՛՛Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք իբր պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան։ Մենք, չեմ բացառում, որ երբևէ կհրապարակենք այդ նախագծերը։ Ես ուղղակի ուզում եմ միշտ մնալ կոռեկտության սահմաններում․ կոռեկտության սահմաններում ոչ թե այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց համարում են ինձ օպոնենտ, այլ համանախագահների հանդեպ։ Համբերությունը միշտ բերում է բարի արդյունքներ, լավ արդյունքներ, և ես 2,5 տարի չէի ասում՝ չէ՞ որ մենք մինչև 2018-ը ինչի մասին էինք բանակցում, չէի հակադարձում, բայց եկավ ժամանակը, և ռուսական կողմը պաշտոնապես, ոչ թե հարցազրույցի տեսքով, այլ պաշտոնապես, ԱԳՆ կայքում տեղադրեց այն, ինչ բոլորը տեսան՛՛։

 

  • Կիսվել: