Կայացել է «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը
Առցանց հարթակում կայացել է «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցեցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագիծն իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գերմանական օդատիեզերական կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) կողմից, պիլոտային մասը՝ Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
Խոսնակները նշել են «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը կնպաստի արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են՝ Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման գործընթացը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների տարածվածության, վիճակի, կենսազանգվածի և բեռնավորման քարտեզագրման նախագիծը, GrassAM նախագծի նախնական արդյունքները, Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման պիլոտային ծրագիրն ու ակնկալվող արդյունքները:



