չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։ «Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։

Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,-ասել է Վ․ Տերտերյանը, ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ, նոր խթան կհանդիսանա այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։

Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ճամակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։

Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։ Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի աշխատանքները, որի շրջանակում անցկացվել են կլոր սեղաններ՝ «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»,
«ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»,«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով։

Վաղը կկայանա համաժողովի պլենար նիստը։

  • Կիսվել: