ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կատարի հետ կրթագիտական համագործակցության մեծ ներուժ. ՀՀ նախագահը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

Կատարի հետ կրթագիտական համագործակցության մեծ ներուժ. ՀՀ նախագահը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան և ցուցաբերված ջերմ ընդունելությունը։

«Ողջունելով շեյխուհու անձնական ջանքերը հատկապես կրթության, գիտության ոլորտներում և իրականացրած նշանակալի ծրագրերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կան համագործակցության մեծ հնարավորություններ և ընդհանուր ու համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական երկիր, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, քանի որ դա է ապագան:

Խոսելով մասնավորապես գիտակրթական, մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահն ասել է, որ Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, պահպանվում են տասնյակ հազարավոր իսլամական ու արաբական ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մասնագետների փոխանակումը, փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշելով, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները համավարակի հետևանքով որոշակիորեն առկախվել են, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսումը։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը մասնավորապես նպատակ ունի դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։

  • Կիսվել: