շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կասկած չկա՝ երկու երկրների միջև կա փոխադարձ հետաքրքրություն․ հանդիպել են ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը

Կասկած չկա՝ երկու երկրների միջև կա փոխադարձ հետաքրքրություն․ հանդիպել են ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հանձին նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ իրենց համար պատմության կարևորագույն իրադարձության՝ գալիք Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերությունը և հաստատակամ է խորացնել այն մի շարք ոլորտներում: «Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է»,- ասել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Թույլ տվեք փոխանցել Միացյալ էմիրությունների նախագահ՝ Նորին Մեծություն Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները: Կասկած չկա, որ երկու երկրների միջև կա փոխադարձ հետաքրքրություն՝ զարգացնելու հարաբերությունները, ինչի մասին են վկայում վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական համագործակցության բազմակողմ օրակարգի վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ, որոնք ընդլայնման և խորացման մեծ ներուժ ունեն:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և տնտեսական այլ որոտներում փոխգործակցության հետագա խթանման կարևորությանը: Բարձր են գնահատվել երկրների միջև տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, որոնք հավելյալ թափ են հաղորդում քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակների համագործակցության սերտացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու շուրջ: Այս համատեքստում շեշտվել է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը կարևոր քայլ կլինի հայ-էմիրաթական հարաբերությունների ընդգրկուն օրակարգային հարցերին փոխշահավետ լուծումներ և նոր ուղղություններ գտնելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, ինչն էապես կնպաստի ամբողջ ռեգիոնի տնտեսական զարգացմանը:

  • Կիսվել: