շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կաշառված արդարադատությունը հավասարազոր է կատարված հանցանքների լռելյայն աջակցությանը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Կաշառված արդարադատությունը հավասարազոր է կատարված հանցանքների լռելյայն աջակցությանը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Մյունխենի դատախազության կողմից Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու նախկին պատգամավորներին կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրելու փաստին։  

Ներկայացնում ենք միության հայտարարությունը․   

«Ադրբեջանական նավթադոլարների հաջող շրջանառությունը խավիարային դիվանագիտության տրամաբանական շղթայում վաղուց ի վեր զարմանք չեն հարուցում։ Վերջերս հայտնի է դարձել, որ Մյունխենի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանք է ներկայացրել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու նախկին պատգամավորների՝ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու մեջ։ 

Մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքում վերոնշյալ պաշտոնյանների նկատմամբ հարուցվեց կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանք։ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները միջոցներ են ստացել Ադրբեջանական իշխանություններից՝ փոխանցելով նաև այլ պատգամավորների՝ «Ադրբեջանի ակնկալիքներին համապատասխան» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթներ ունենալու, քվեարկության, գաղտնի փաստաթղթերի փոխանցման և այլնի համար։ Էդուարդ  Լինթներն անգամ չի թաքցրել, որ լոբբինգ է իրականացրել հօգուտ Ադրբեջանի և, որ իր ընկերությունները Ադրբեջանից ավելի քան 3 մլն եվրո են ստացել։ 

Նման իրողությունները չափազանց մտահոգիչ են։ Մենք բազմիցս կոչ ենք արել միջազգային հանրությանը գործուն և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցանքները կանխելու ուղղությամբ, քանզի կաշառված արդարադատությունը հավասարազոր է կատարված հանցանքների լռելյայն աջակցությանը։ Թեև ԵԽԽՎ վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հետ, ցույց են տալիս, որ Եվրոպական քաղաքական միջավայրը սկսել է ձերբազատվել խավիարային ախտից, այնուհանդերձ նման իրողությունների բացահայտումը և դրանց դատապարտումը օրակարգային է առավել ևս այսօր։ 

Միջազգային արդարադատության և իրավապաշտպան համակարգի առջև դրված է խիստ կարևոր խնդիր․ համաչափ գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել ադրբեջանական վարչակարգին առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում հայատյացության պետականացման, կրոնական և ազգային խտրականության հովանավորման և գործնական կիրառման, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափման, և վերջապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում գործած այն հանցանքների համար, որոնք միանշանակ կարելի է որակել որպես ցեղասպանություն։ 

Ադրբեջանական նավթադոլարները, ինչպես նյութական աշխարհի ցանկացած երևույթ, միտում ունեն սպառվելու, և միայն համամարդկային արժեքները ու դրանց պաշտպանության համար կատարված գործնական քայլերն են, որ փոխանցման և հարատևման հնարավորություն ունեն։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է «կաշառված արդարությունը» և պահանջում միջազգային արդարադատության և իրավարարության բոլոր հանձնակատարներին հավատարիմ մնալ անաչառության և օրինականության սկզբունքներին»։ 

  • Կիսվել: