շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարծում եմ՝ այս ամենից հետո այլեւս ռուսական քաղաքականությունը մերկացման կարիք չունի. Պատգամավոր

Կարծում եմ՝ այս ամենից հետո այլեւս ռուսական քաղաքականությունը մերկացման կարիք չունի. Պատգամավոր

Չափազանց էական է հասկանալ, թե այս ամենից հետո Հայաստանն ինչպես է շարունակելու հարաբերությունները ՀԱՊԿ ու Ռուսաստանի հետ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, այն հարցերին, որոնք առնչվում են սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ըստ էության, առաջիկա մի քանի օրից մի ամիս կլրանա այն օրից, երբ ադրբեջանցիները խուժել են Հայաստանի տարածք, առևանգել են վեց զինվորների։ Եվ մեր քայլերը, ես կարծում եմ, չափազանց անբավարար են։ Անբավարար են և մեզ չեն կարող գոհացնել ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի պահվածքը, ՀԱՊԿ-ի անարձագանք կեցվածքը։ Չափազանց էական է հասկանալ, թե այս ամենից հետո ինչպես ենք շարունակելու մեր հարաբերությունները ռազմաքաղաքական այդ դաշինքում գտնվող մեր գործընկերների հետ։ Արդյոք մենք դիտարկում ենք այդ կազմակերպության արմատական բարեփոխում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ ենք մեր անդամության նպատակահարմարությունը քննարկել, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ է սպասվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին այս ամենից հետո»,- ասաց Բաբաջանյանը։

Նա նշեց, որ չափազանց կարևոր ու օրհասական հարցեր են սրանք, որոնք այս պահին շոշափում են շատ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ։ «Անհրաժեշտ է, որ որպես խորհրդարան չլինենք միայն արձագանքող, լինենք նախաձեռնող և այս իրավիճակին կարողանանք ժամ առաջ վերաբերմունք հայտնել և նախաձեռնող լինել։ Կարծում եմ՝ այլևս ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում մերկացման կարիք չունի։ Եվ այս իմաստով խորհրդարանը, խորհրդարանի հանձնաժողովները ևս պետք է քննարկումներ ձեռնարկեն»,- հավելեց նա։

  • Կիսվել: