երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարմիր գիծը հատված է․ քաղաքագետը Սուլեյմանիի սպանության մասին

Կարմիր գիծը հատված է․ քաղաքագետը Սուլեյմանիի սպանության մասին

Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում  հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի, սակայն կլինեն պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ:

Ըստ քաղաքագետի կոնֆլիկտի մեջ կներգրավվի նաև Իսրայելը։ «Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին»,- գրել է նա։

Սարգսյանի խոսքերով, Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: «Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը»,- ընդգծել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ շահերի բախման հավանական կետեր կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:

«Մենք ինչ, որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»,- եզրափակել է Սարգսյանը:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը:

ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) և «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է և հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետևանքների համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: