ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Կարգի եմ հրավիրում ձեզ, ելույթի ժամանակ կոռեկտության սահմանը մի՛ անցեք, Ավինյանը  «Մայր Հայաստան» խմբակցության անդամին

Կարգի եմ հրավիրում ձեզ, ելույթի ժամանակ կոռեկտության սահմանը մի՛ անցեք, Ավինյանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամին

Կարգի եմ հրավիրում առաջինը Ձեզ, ելույթի ժամանակ կոռեկտության սահմանը մի՛ անցնեք, պիտի՛ խոսեք հարցի մասին: Երբ որ հարցեր կունենաք, հարցուպատասխանի ժամանակ կքննարկեք, սա ԱԺ ամբիոնը չի: Այսպես, այսօր Երևանի ավագանու նիստում  քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հայտարարությանը, թե, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության գլուխ կանգնած, Հայաստանն անընդհատ զոհեր է ունենալու:

Նախքան քննարկվող հարցին անցնելը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ցավակցեց այսօր Ներքին Հանդի հատվածում՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով զոհվածների ընտանիքներին, և խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխում, մենք ունենալու ենք զոհեր, ցավակցում եմ ոչ միայն զոհվածների հարազատներին, այլև մեր ամբողջ պետությանը և բանակին: Միակ լուծումը, որ մենք չզոհվենք և չփոքրանանք՝ իբրև պետություն, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է»,-ասաց նա:

Հայտարարության արյունքում առաջացած վիճաբանությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամը խոսեց նաև քաղաքապետի ընտրությունների և ավագանու անդամների մանդատից զրկելու մասին:

«Գործ ունենք մի իշխանության հետ, որը չստանալով Երևանի բնակիչների մեծամասնության ձայնը, ստվերային գործարքների և կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում պահեց քաղաքապետի աթոռը: Սակայն լիազորությունների ստանձնումը, օրենքի տարրին համապատասխան, չկարողացավ անել: Մենք դատական կարգով վիճարկում ենք դա, նախնական առաջին դատական նիստը լինելու է մարտի 5-ին»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Նրա խոսքով, Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ, սովորական քաղաքացիներ միլիոնավոր դրամներ են փոխանցել ՔՊ նախընտրական հիմնադրամին:

«Սա, ժողովուրդ ջան, կոռուպցիայի պարզ դրսևորում է, կոռուպցիան այլ կերպ չի լինում: Ընտրություններից միայն 5 ամիս հետո է ՔՊ-ն տրամադրել իրենց բյուջե նվիրատվություն արած անձանց ցանկը՝ այն էլ միայն այն բանից հետո, երբ ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել ՔՊ-ին՝ այդ տվյալները չնեկայացնելու համար»,-ասաց Սամվել Հակոբյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով,  դատական կարգով վիճարկելու են նաև  ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը, քանի որ վստահ են, որ դա հակասահմանադրական և հակաիրավական որոշում է:

  • Կիսվել: