երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարգավորումն այն մասին է, որ մանիպուլյացիաներ է՛լ չլինեն. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների մեղադրանքների մասին

Կարգավորումն այն մասին է, որ մանիպուլյացիաներ է՛լ չլինեն. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների մեղադրանքների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին, թե ամեն ինչ հանգում է նրան, թե «փող ունես, ազատվում ես, փող չունես, ծառայում ես», առաջարկեց հստակեցնել՝ ինչի մասին է խոսքը:

«Խոսում ենք նրա մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից: Դրա մասին է խոսքը: Նույնն է, որ հիմա ինչ-որ մեկը քրեական հանցագործություն է կատարում, մեկը նույն արարքի համար ինչ-որ տուգանք է վճարում, մյուսը՝ ազատազրկվում: Այդ նույն կարգավորումները, որ ինչ-որ բանի դիմաց կարելի է տուգանք վճարել, մեր բոլոր օրենսգրքերում էլ կան: Այդ ինչ նորություն է, ինչ նոր բան է առհասարակ այս աշխարհում»,- ասաց Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումներին:

Նրա խոսքով՝ նախկինում եղած կարգավորումներով հետևյալն էր իրավիճակը. եթե, օրինակ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում էր մեկը մինչև հաշվառման կանգնելը, գնում էր ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27 տարեկանը լրանալուց հետո գալիս էր, ստանում Հայաստանի քաղաքացիություն:

«Հիմա վերջին կարգավորումն այն մասին է, որ նման մանիպուլյացիաներ էլ չլինեն: Այս խնդիրը պե՞տք է ինչ-որ ձևով հասցեագրել: Իմ կարծիքով՝ պետք է, բայց ըստ իս, հետագայում պետք է քննարկումներ ունենանք: Ըստ իս՝ մենք այդտեղ պետք է ֆիլտր դնենք, որ գոնե 5 տարի Հայաստանում բնակված լինի, ուրեմն շատ արդար է այս մոտեցումը»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

  • Կիսվել: