շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևորը` ՀՀ անդամակցությունը ՄՔԴ–ին չանդրադառնա ՌԴ–ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

Կարևորը` ՀՀ անդամակցությունը ՄՔԴ–ին չանդրադառնա ՌԴ–ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին՝ դե յուրե և դե ֆակտո, բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, Մոսկվան բարձր է գնահատում այդ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»;

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Սա ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք և հույս ունենք հետագայում զարգացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի՝ ՄՔԴ-ին անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարեց, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր 2023 թ․ հոկտեմբերի 3-ին։ Այսպիսով, Հայաստանը դարձել է Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: