ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարևորվել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Կարևորվել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարեւորել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը՝ դեկտեմբերի 1-ին Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Նիկողոս Ակոբյանի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հումանիտար եւ կրթական ոլորտներում զարգացնելու մեծ ներուժ կա:

«Մենք Հունգարիայում ունենք հայ համայնք, որն ունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Շատ ուրախ ենք, որ համայնքը մեծ ուշադրության է արժանանում Հունգարիայի կառավարության կողմից: Տեղյակ ենք, որ համատեղ շատ ծրագրեր են իրականացվում, գնահատում ենք հունգարական կողմի նախաձեռնությունը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է պատգամավորը:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով վերջին շրջանում դինամիկա է նկատվում երկու երկրների հարաբերություններում. դրա մասին են վկայում բարձրաստիճան փոխայցերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը:

Նիկողոս Ակոբյանը նշել է, որ Հայաստան են եկել՝ իրենց հետ բերելով հումանիտար աջակցություն (20.000 ԱՄՆ դոլլար), որն արդեն փոխանցել են Արմավիրի համայնքին՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 35 ընտանիքի, ներառյալ՝ 175 անչափահաս երեխաներ: Նշվել է, որ նպատակ կա բարեկարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված իրենց հայրենակիցների շիրիմներն ու տեղադրելու տեղեկատվական հուշատախտակ: Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես կարեւորել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստը՝ ընդգծելով, որ բարեկամական խմբերի համագործակցությունն ընդլայնելու մեծ հեռանկար կա:

Խորհրդարանական երկկողմ կապերի ընդլայնումն ու խորացումը կարեւորել է նաեւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գայանե Եղիազարյանը:

Հանդիպման ընթացքում Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության օրակարգին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Պատգամավորը խոսել է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավմանն ուղղված Կառավարության ծրագրերի մասին:

Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի հայ ազգային ինքնավարության գրասենյակի ղեկավար Լասլո Ռոնասեյկը, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Արթին Դիրամերյանն ու Հունգարիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: