շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարևոր քայլ՝ դեպի առաջ. ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Կարևոր քայլ՝ դեպի առաջ. ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

Նա նշել է, որ այսօր երկու երկրների հատուկ բանագնացների առաջին հանդիպումը ՛՛կարևոր քայլ էր դեպի առաջ՛՛:

՛՛Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՛՛,-հավելել է Ստանոն։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար:

Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, ըստ Ստանոյի, առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով:

՛՛2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: