շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․

«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:

Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:

Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»:

Նախագահ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է․

«Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել, կրկնել, հիշել, որ այո մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:

Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:

Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարևոր է նաև արձանագրել՝ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են․

«Այդ առումով, խաղաղապահների գործունեությունն իհարկե պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի»:

  • Կիսվել: