շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Անդրեասյանը խորհրդականին օպերատիվ համարանիշներ է տվել. ո՞վ է նա․ «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանը խորհրդականին օպերատիվ համարանիշներ է տվել. ո՞վ է նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, եւ հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ: Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն եւ 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել:

Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը եւ ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ:

Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք» օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, եւ արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին ի պատասխան՝ Արշակ Վարդապետյանը նշեց. «ԲԴԽ գործունեության հետ կապված բոլոր հարցերով խնդրում եմ կապվել ԲԴԽ մամլո ծառայության հետ»։ Նա, ըստ էության, հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող հարցերին:

Հավելենք, որ ավտոմեքենաների վրա դրվող օպերատիվ համարանիշները հիմնականում անվերահսկելի են, չեն ստուգվում, չեն տուգանվում: Կարճ ասած, կանաչ լույս ունի ՆԳ փոխնախարարի ամուսինը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: