ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը

Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին:

Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Որոշմամբ՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը: Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը: Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը: Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը: Միաժամանակ, առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:

Վարչապետը կարևորել է Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը՝ համարելով այն չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ներդրվող համակարգերի վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովման և լավարկումների արդյունքում այն հնարավորինս քաղաքացիների համար պարզ ու հասկանալի դարձնելու կարևորությունը: «Մենք մեր քաղաքացիների շրջանում պետք է ամրացնեք այդ գիտակցումը, որ սա կառավարության կամ ինչ որ քաղաքական ուժի քմահաճույք չէ, սա պետական ինստիտուտների և պետականության ուժեղացման գործընթաց է, որը մենք պետք է անենք: Դա կառավարությանը չէ պետք, դա պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու», -ասել է կառավարության ղեկավարը:

  • Կիսվել: