շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը պարտավոր չէ ստուգել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը. Սանոսյան

Կառավարությունը պարտավոր չէ ստուգել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը. Սանոսյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Մամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից 2002թ-ին այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին անգամ չի ունեցել գործունեության լիցենզիա։

Նա հիշեցրեց, որ Հոկտեմբերի 28-ին կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը, և նշեց նաև, որ, համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։  

Պատգամավորը հարցրեց. ՛՛Ռազմիկ Պետրոսյանը չի հերքել, ավելին` այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ եղել է չհավատարմագրված բուհ։ Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին նշանակելուց առաջ չգիտե՞ր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար, ինչու՞ է անգամ այս բացահայտումից հետո Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել։

Նրա հարցին ի պատասխան՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. ՛՛Կա պարզ ընթացակարգ, երբ մարդը նշանակվում է պաշտոնի, աշխատակազմերում կան համապատասխան վարչություններ, որոնք համապատասխան փաստաթղթեր են պահանջում սկսած հասարակ դիմումից մինչև կից պահանջվող փաստաթղթեր։ Պարոն Պետրոսյանը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, կառավարության համապատասխան վարչությունները պարտավոր չեն ստուգել որևէ բուհի լիցենզիան կա դիպլոմի իսկությունը։ Այնպես, որ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է, ինչի համար նշանակումը կատարվել է։ Եթե կան խնդիրներ, որոնք վերջերս բարձրաձայնվեցին, կարծում եմ՝ դրանք իրավապահ տիրույթում են։ Կքննարկեն և կտեսնեն այդպիսի խնդիր կա, թե ոչ՛՛։

Սանոսյանի խոսքով՝ կառավարությունում ոչ ոք չի ստուգում, թե որևէ բուհի լիցենզիան երբ է ավարտվում։

Արեգնազ Մանուկյանն էլ ընդգծեց. ՛՛Հրապարակված փաստերը առկա են, դուք արդեն պետք է քննություն սկսած լինեիք և արագացված տեմպերով Ռազմիկ Պետրոսյանը պետք է պաշտոնանկ արված լիներ։ Ես կարող եմ եզրակացնել, որ Կառավարությունը ի սկզբանե իմացել է, որ Ռազմիկ Պետրոսյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին, բայց այնուհանդերձ նշանակվել է։ Հետևաբար` ունենք ապօրինի նշանակված մարզպետ, ով պետական բյուջեին վնասներ է տալիս` ստանալով աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, ծառայողական մեքենա և այլն։ Բայց քանի որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել, կարող ենք մտածել, որ այս մարդը իշխանություններին պետք է ընտրություններում ՔՊ-ին ձայներ ապահովելու համար՛՛։

Մանուկյանի խոսքով՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ քրեական գործ էր հարուցվել իր ազգականի նկատմամբ, որը կեղծ դիպլոմ էր ներկայացրել և նշանակվել Դիլիջան ազգային պարկի փոխտնօրեն։

՛՛Ես Ձեր հարցին պատասխանեցի, կխնդրեմ հարգանքով խոսել պարոն Պետրոսյանի ճանապարհի, նրա անցած ուղու նկատմամբ։ Մնացած հարցերը իրավական տիրույթում են։ Ձեզանից յուրաքանչյուրը պատգամավոր դառնալուց առաջ դիպլոմ է բերել և ԱԺ-ում ոչ ոք պարտավոր չի եղել այդ դիպլոմի իսկությունը ստուգել՛՛,-Մանուկյանի հարցին արձագանքեց Սանոսյանը:

  • Կիսվել: