շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կյանքի կոչելու Պուտինի և Փաշինյանի լայնամասշտաբ պայմանավորվածությունները. Միշուստին

Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կյանքի կոչելու Պուտինի և Փաշինյանի լայնամասշտաբ պայմանավորվածությունները. Միշուստին

Ռուսաստանի կառավարությունն անելու է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար, որի շուրջ երեքշաբթի երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Այս մասին չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինը։

«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ երեկ կայացած բանակցություններում Դուք լայնամասշտաբ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ գրեթե բոլոր ոլորտներում, որոնք մեր երկրների օրակարգում են։ Ռուսաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կյանքի կոչելու որոշումները, որոնք ընդունվել են ամենաբարձր մակարդակով»,- վստահեցրել է Միշուստինը։

Նա հավելել է որ Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

«Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա։ 

Միշուստինը հավելել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, այնտեղ խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ ՌԴ կաբինետի ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու» պայմանավորվածությունների իրականացմանը։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների»,- ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ պետությունների կողմից անօրինական պատժամիջոցների համատեքստում, կարևոր է երկկողմ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը, արդյունաբերական համագործակցության զարգացումը և բոլոր ուղղություններով փոխադարձ առևտրի ընդլայնման նոր հնարավորություններ բացելը։

Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Մոսկվային և Երևանին կապող բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար։

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականին պետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: