հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կառավարությունը հաստատեց դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը:

Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության և դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

«Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել կառավարության 2019-2023 թվականներիգործունության միջոցառումների ծրագիրը, ՀՀ հակակոռուպցիան ռազմավարությունը և դրա իրականացման 201-2022 թթ գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները»,-ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Փոխնախարարը թվարկեց ռազմավարության մի քանի նպատակները. առաջինն, ըստ փոխնախարարի, էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծումն է:

Հաջորդ ռազմավարական նպատակը անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է. «1991-2018 թթ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել փաստահավաք հանձնաժողով, որը ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, փաստահավաք մարմին»:

Հանձնաժողովը կազմվելու է օրենքով, այնտեղ ներգրավված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները:

Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց. «Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների իրականացնելու մասնագիտական հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական փոփոխությունների համատեքստում հանձնաժողովը պետք է օրինակ, անդրադառնա հետևյալ խնդիրներին՝ ԲԴԽ որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, ԱԺ պատգամավորների ընտրության, ԱԺ մեծամասնության ձևավորման կարգը և այլն»:

Փոխնախարարի խոսքով` ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակներից են թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության նպատակով նվազագույն շեմի իջեցում և այլն:

Նշենք, որ ռազմավարության իրականացումը կարժենա 20 մլրդ դրամ:

 

  • Կիսվել: