ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում հատկացրեց մոտ 948 մլն դրամ

Կառավարությունը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում հատկացրեց մոտ 948 մլն դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների  կապիտալ վերանորոգման, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով կառավարությունը մոտ 948 մլն դրամ հատկացրեց։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար:

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը, նախարարի խոսքով, իր մեջ երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը: Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի:

«Ընդհանուր առմամբ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և մենք 2022 թ. կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- նշեց Գնել Սանոսյանը: 

  • Կիսվել: