երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ նախագծեր են քննարկվելու Կառավարության առաջարկով գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանին

Ի՞նչ նախագծեր են քննարկվելու Կառավարության առաջարկով գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանին

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է հունիսի 26-ին գումարել արտահերթ նստաշրջան: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում ներկայացրեց արտահերթ նստաշրջանի շրջանակում քննարկման ենթակա նախագծերը և դրանք քննարկելու հրատապության պատճառները:

Առաջին նախագիծը ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որը վերաբերում է Կառավարության 2023-ի թվականի փետրվարի 9-ի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, հանձնաժողովի ձևավորման գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու մասին 181 Ն կարգին: Գործընթացը մեկնարկելու պահից ի հայտ են եկել որոշակի խնդիրներ հավակնորդի որակավորման պահանջի մասով:

Երկրորդը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն է: Սրանով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գումարի բռնագանձման փոքր քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը: Պրակտիկայում նման գործերը կազմում են ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածության շուրջ 80 տոկոսը, ուստի նախագծի ընդունման դեպքում դատական համակարգը կբեռնաթափվի:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջը: Օրենսգրքում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն՝ քննչական գործողությունների տեսաձայնագրման կրիչները պետք է կցվեն համապատասխան քննչական գործողության արձանագրությանը:

Հաջորդը ««Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է, որով առաջարկվող փոփոխության արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո՝ մինչև ուսումնառության ավարտը:

Քննարկման ենթակա նախագծերից են նաև ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Մինչև հաջորդ նստաշրջանի մեկնարկը ԱԺ-ն չի գումարելու հերթական նիստեր:

  • Կիսվել: