շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարության որոշմամբ «Սոլարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «Սոլարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՈԼԱՐԱ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով ձեռք է բերվելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝  նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման  համար։ Բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։

Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։

Արդեն իսկ իրականացվել է 355․7 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նաախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3․1  մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների ձեռքբերման, ալյումինե հոսքագծի ձեռքբերման կանխավճարի կատարման համար։

Ներդրումների մյուս մասը նախատեսվում է իրականացնել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից հետո  աշխատանքի կազմակերպման և իրականացման համար։Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․3մլն դրամ:

  • Կիսվել: